Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ուղևորվել է Կատարի մայրաքաղաք Դոհա: Այնտեղ սպասվում են ամերիկա-իրանական բանակցությունները: «Ուիթքոֆը այժմ Դոհայի ճանապարհին է», - հաղորդել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյայի։ Թե արդյոք Ուիթքոֆին ուղեկցում է Միացյալ Նահանգների նախագահի փեսա Ջարեդ Քուշները, չի նշվում։ ԱՄՆ նախագահը, առանց անուններ նշելու, լրագրողների հետ զրույցում ասել է՝ նրանք արդեն մեկնել են կամ մեկնում են Կատար: «Այս հանդիպումը միգուցե կարևոր լինի, միգուցե՝ ոչ, տեսնենք»,- հավելել է Թրամփը:
Իրանի նախագահն էլ հայտարարել է, որ Թեհրանը կկատարի ԱՄՆ-ի հետ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնպես այդպես վարվի։
«Փոխըմբռնումը երկկողմ գործընթաց է։ Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա համաձայնագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները»,- X սոցիալական ցանցում գրել է Մասուդ Փեզեշքիանը։ Նա հավելել է, որ սպառնալիքների նկատմամբ Թեհրանի մոտեցումը «հիմնված է բանականության և մարդկային արժանապատվության վրա՝ որոշումներ կայացնելիս, ինչպես նաև անվերապահ պաշտպանության վրա, երբ խոսքը գործողությունների մասին է»։
Իսկ Իրանի ԱԳՆ խոսնակ Էմսայիլ Բաղաեիի խոսքով՝ Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ: «Մենք մտադիր չենք առաջիկա օրերին որևէ մակարդակով հանդիպել ամերիկյան ներկայացուցիչների հետ։ Այն, ինչ, հավանաբար, տեղի կունենա Դոհայում վաղը, բանակցություններ են հուշագրի դրույթների իրականացման, այն է՝ իրանական ակտիվների ապասառեցման հարցով, բայց այդ բանակցությունները տեղի կունենան կատարական կողմի հետ»,- ասել է դիվանագետը՝ ճեպազրույցի ընթացքում:
Կատարի ԱԳՆ-ից էլ նշել են, որ կողմերն առայժմ առաջընթաց չեն գրանցել իրանական 6 մլրդ դոլարի ակտիվների ապասառեցման հարցում: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ այդ հարցը կախված է կողմերի համաձայնությունից և բանակցությունների ընթացքից:
Հեղինակ՝ Դավիթ Մուրադյան