Հանգստյան սեզոնի մեկնարկից առ այսօր Սևանա լճում գրանցվել է ջրահեղձության մեկ դեպք: Ջրահեղձության ևս երկու դեպք արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, երբ ավտոմեքենան ընկել է լճի ճահճային հատվածը, երիտասարդների կյանքը փրկել չի հաջողվել: Նախորդ տարիների համեմատ ջրահեղձության դեպքերը նվազել են՝ ասում է Գեղարքունիքի մարզային հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատարը:
Արմեն Ճզմաչյան (ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար) - Նախորդ տարիներին դպքերը շատ էին լինում, մինչև 13-14 դեպք է գրանցվել, միայն լողասեզոնի ընթացքում:
Այս տարի և՛ հանգստացողներն են ավելի զգոն, և՛ փրկարարական ջոկատն է ավելի արդյունավետ աշխատում, և՛ տեխնիկական միջոցներն են համալրվել: Ավելացել է Սևանա լիճ այցելող զբոսաշրջիկների թիվը, նրանց մասնակցությամբ ոչ շատ, բայց արտակարգ դեպքեր նույնպես գրանցվել են:
Արմեն Ճզմաչյան - Հուլիսի 17-ին Շորժայի լողափերից մեկում երկու ռուս 40 կմ հեռացել էին ափից:
Փրկարարների կոչն է՝ չհսկվող տարածքներում չլողալ, ալկոհոլ օգտագործած ջուրը չմտնել:
Նարեկ Բաբայան (ջրասուզակ) - Հիմնական կարգազանցները ալկոհոլ օգտագործածներն են:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Սևանա լճում դժբախտ դեպքեր ավելի շատ արձանագրվում են հենց հանգստի սեզոնի մեկնարկին՝ հուլիսին:
Մհեր Թովմասյան (Երևանի առագաստային ակումբի տնօրեն) - Մարդիկ տաքանում են արևի տակ, հետո միանգամից թռնում են սառը ջուրը, ու սպազմ ա առաջանում, խեղդվում ա, ինչքան լավ լողորդ լինի:
Խեղդվողների հիմնական մասը լավ լողորդներն են՝ ասում է Մհեր Թովմասյանը: Մեծ վտանգ են ներկայացնում նաև հիդրոցիկլները: Ի դեպ, այս տարի առաջին անգամ Սևանի առագաստային ակումբի ծառայություններից կարող են օգտվել նաև զբոսաշրջիկները:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան