Եվրոպայում հայկական գինիները հասանելի դարձնելու նպատակով նախորդ տարի ստեղծված wines_of_armenia.store առցանց վաճառքի միասնական հարթակում ներկայացված 21 ընկերության 56 տեսակի գինիները նորերով համալրելու նպատակով մայիսին անցկացված «Հայաստանի գինիներ» կույր համտես մրցույթի արդյունքները արդեն պարզ են:
Հայարփի Շահինյան (Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի միջազգային ծրագրերի փորձագետ) - Գինու անկախ փորձագետները համտեսեցին գինիները՝ կազմելու համար գինիների բուրային և համային բնութագիրը, և արդյունքում ունենք 37 ընկերության 110 գինի, որոնք հաղթահարեցին մրցութային շեմը:
Մրցույթը կազմակերպել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը՝ Գերմանիայի միջազգային գործակցության ընկերության աջակցությամբ: Չնայած համտեսողները գինու տեխնոլոգներ ու փորձագետներ են, այնուամենայնիվ, այս տարի, մրցույթին ընդառաջ, գինու համտեսի տեխնիկայի և էթիկետի թեմաներով դասընթացներ են կազմակերպել:
Հայարփի Շահինյան - Մրցութային շեմը նախատեսված էր 85 միավոր 100-ից, և ամենաբարձր հավաքած գինին 93 միավոր է ստացել, հաջորդը՝ 91 և արդեն 90, ու այդպես իջնում է մինչև 85 միավոր:
Հայարփի Շահինյանի խոսքով՝ այս տարվա մրցույթի արդյունքները գոհացուցիչ են, նախորդ տարվա համեմատ՝ այս անգամ 23%-ով ավելի շատ գինի է հաղթահարել անցողիկ շեմը:
Առաջատարների եռյակում հայտնված գինեգործի խոսքով՝ որպես սկսնակ և փոքր արտադրող՝ մրցույթը տվեց ապրանքանիշի ճանաչելիություն և վստահություն:
Հարություն Հովհաննիսյան («Նոյյան վազ» ընկերության հիմնադիր տնօրեն) - Չորս գինիներն էլ հաղթահարել են անցողիկ շեմը, բայց կոնկրետ 16 թվականի ռեզերվը երկրորդ տեղն ա զբաղեցրել 91 միավորով:
Փորձագետի խոսքով՝ կույր համտես մրցույթը պետք է ժամանակի ընթացքում կատարելագործվի և դառնա պարտադիր, քանի որ միայն այսպես հնարավոր կլինի վերահսկել ու շուկա հանել բարձրորակ արտադրանք և ձևավորել «Հայկական գինիներ» բրենդը:
Արեգ Խոջոյան («Ջի Էն վայնրի» ՍՊԸ տնօրեն) - Մենք շատ ենք շահագրգռված, որպեսզի համտեսը դառնա շատ կարևոր և առաջնահերթ ֆիլտր հայկական գինեգործության համար, որպեսզի լավ ու վատ գինիները տարանջատվեն, և եթե հայկական գինին մասնակցում ա մրցույթների կամ ցուցահանդեսների արտասահմանում, կապ չունի՝ ո՛ր երկրում կամ թեկուզ Հայաստանում, գոնե ցուցադրվեն այն գինիները, որոնք նվազագույն շեմը հաղթահարել են:
Արեգ Խոջոյանի խոսքով՝ թեև մեր գինիների հիմնական սպառումը դրսում է, տեղական շուկայում ևս դրական միտում կան: Նախորդ տարի մեկ մարդու հաշվով գինու սպառումը ավելացել է՝ կազմելով 4,2 լիտր:
Արեգ Խոջոյան - Հայաստանում 21 թվականին եղել ա 13 մլն լիտր գինի, աշխարհում արտադրվում ա 30-33 մլրդ լիտր գինի ու էդքան էլ սպառվում ա, հետևապես Հայաստանը շատ չնչին տեղ ա զբաղեցնում էդ ընդհանուրի մեջ, էս հա՛մ դրական կողմ ունի, հա՛մ բացասական: Դրականը էն ա, որ մենք շատ քիչ քանակ ունենալով՝ ավելի մեծ հնարավորություններ ունենք սպառելու, իսկ բացասականը, դժվարությունը էն ա, որ էդքան մրցակիցների մեջ դժվար ա մտնել շուկա:
«Հայաստանի գինիներ» կույր համտես մրցույթը շարունակական կլինի, նախատեսում են տարեկան երկու անգամ անցկացնել:
Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան