Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է՝ այդպիսով եզրափակելով Հարավային Կովկաս կատարած այցը:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՉԻ ԿԱՇԿԱՆԴԻ ԵՄ-ԻՆ
Դեյվիդ Մքալիսթերը հավաստիացրեց, որ Ադրբեջանի հետ օրերս կնքած էներգետիկ համաձայնագիրը չի կապի Եվրոպայի աչքերը:
Դեյվիդ Մքալիսթեր (Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի կոմիտեի նախագահ) - Այս համաձայնագիրը, որը մենք ստորագրել ենք Ադրբեջանի հետ, վերաբերում է էներգետիկ ռեսուրսներին: Մենք ստիպված ենք արագ սահմանափակել և նվազեցնել գազի ներկրումը Ռուսաստանից, որովհետև ուզում ենք նվազ կախյալ լինել ռուսական գազից: Սակայն Ադրբեջանից գազի մատակարարման ծավալների մեծացման համաձայնությանը զուգահեռ` մենք շարունակելու ենք անդրադառնալ բոլոր խնդիրներին, որոնք վերաբերում են մարդու իրավունքների վիճակին կամ Ադրբեջանում առկա այլ խնդիրներին:
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ
Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության հետևողական վերացման մասին հարցին պատասխանելիս Մքալիսթերը վերահաստատեց եվրոպական խորհրդարանի տեսակետը:
Դեյվիդ Մքալիսթեր - Եվրոպական խորհրդարանը վերջերս բանաձև ընդունեց՝ դատապարտելով ԼՂ-ում և դրա շուրջը հայկական ժառանգության վերացումն ու ժխտումը: Սա շատ զգայուն խնդիր է, բայց պետք է դրան անդրադառնալ, և այս բանաձևն ընդունվել է Եվրախորհրդարանի մեծամասնությամբ: Երբ Բաքվում էինք, լսեցինք քննադատություն մեր հասցեին, Եվրոպական խորհրդարանը, սակայն, ունի ավանդույթ՝ երրորդ երկրների վերաբերյալ բանաձևեր ընդունելու, և մենք դա արել ենք, շարունակելու ենք անել՝ անկախ նրանից` կողջունվի դա թե կքննադատվի:
ՀՀ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՏ ՕՐԱԿԱՐԳ. ՄՔԱԼԻՍԹԵՐ
Հայաստանը շարունակում է իրականացնել բարեփոխումների հավակնոտ օրակարգ՝ Ազգային ժողովում հայտարարեց պաշտոնյան, որն ավելի վաղ հանդիպել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Կարևորելով Եվրոպական խորհրդարանի հետ սերտ գործակցությունը՝ Փաշինյանը նշել է, որ Եվրոպական միությունը հանդիսանում է Հայաստանի ժողովրդավարական օրակարգի արդյունավետ իրականացման կարևորագույն գործընկերներից մեկը, ընդգծել, որ կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության, ընտրական բարեփոխումների և այլ ուղղություներով մեր երկիրը Արևելյան գործընկերության շրջանակում զբաղեցնում է առաջատար դիրքեր:
Մքալիսթերը ողջունել է Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, հավելել, որ Եվրոպական միությունը շարունակելու է օժանդակել Հայաստանի կառավարությանը այդ ուղղությամբ:
ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է
Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հնարավորություններին: Հանդիպման մասնակիցները կարևորել են տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովումը, երկխոսության շարունակականությունը:
Փաշինյանն անդրադարձել է մինչև օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին: Մքալիսթերը նշել է, որ Եվրոպական խորհրդարանը ևս կարևորում է Ադրբեջանի կողմից նրանց վերադարձը և շարունակելու է դա հնարավոր դարձնելու ուղղությամբ ջանքերը:
Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանն ընդունել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Անդրադարձ է եղել Եվրոպական խորհրդարանի համապատասխան բանաձևերում ու զեկույցներում ամրագրված աներկբա դիրքորոշմանը Հայաստանի համար կարևորագույն մի շարք հարցերի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմին, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններին, հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությանը: Զրույցի ընթացքում շոշափվել են նաև խորհրդարանական ընդդիմությանն առնչվող հարցեր:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի կոմիտեի նախագահը հանդիպել է նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը: Հանդիպումից հետո խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մանրամասնել է՝ քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը՝ արձանագրելով մի շարք ուղղություններով Հայաստանի առաջատար արդյունքները Արևելյան գործընկերության երկրների շարքում։
Նշել են, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանում ժողովուրդը հաստատել է իր աներկբա իշխանությունը: Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ հանդիպումներում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու արտաքին մարտահրավերները: Ըստ ընդդիմադիրների` խոսել են Արցախի խնդիրների մասին, կարևորել կարգավիճակի վերադարձը բանակցային սեղանին քննարկվող կետերի շրջանակ: Իսկ ներքաղաքական խնդիրների համատեքստում բարձրաձայնել են ոստիկանական բռնությունների, ԱԺ-ի լեգիտիմության հարցերը:
Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ:
Հեղինակ` Աննա Զախարյան