Հայաստանում արագաչափերի ու Երևանում տեսախցիկների սպասարկումն իրականացնող «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների համահիմնադիր Ալեքսան Զաքարյանը, «Սեքյուրիթի Դրիմ»-ի տնօրեն Արթուր Պողոսյանը և նախկին գլխավոր հաշվապահը մեղադրվում են 2017-ից 2020 թվականներին առանձնապես խոշոր չափի հարկեր չվճարելու և առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելու համար: Երեք մեղադրյալներից միայն Ալեքսան Զաքարյանն է օրեր առաջ վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանավորվել:
Խաչատուր Գալստյան (Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ) - 2018 թվականի հունիս ամսին «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների վերաբերյալ հարուցվել էր քրեական գործ՝ խոշոր չափի գումար պետությունից հափշտակելու և փաստաթղթերի կեղծիքներ կատարելու վերաբերյալ:
Այդ գործի քննությամբ 2022-ի փետրվարի 16-ին հարուցվել է մեկ այլ քրեական գործ: Դեռ 2017-ին Կառավարության և «Սեքյուրիթի Դրիմ»-ի միջև կնքված պայմանագրով ընկերությունը իրականացնում էր արագաչափ սարքերի և ընդհանուր առմամբ երթևեկության նկատմամբ հսկողության համակարգերի հավատարմագրային կառավարումը: Այդ նույն «Սեքյուրիթի Դրիմ»-ի հիմնադիրները հիմնադրել էին նաև «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունը, որի հետ կնքած պայմանագրով «Էլլիպս»-ն իրականացնում էր արագաչափ սարքերի և Երևանի տեսադիտարկման համակարգերի տեխնիկական սպասարկումը:
Խաչատուր Գալստյան - Այդ տեխնիկական սպասարկման ընթացքում, ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների, որոշակի սպասարկման ծառայություններ չեն կատարվել, սակայն կատարողական ակտերում ներկայացվել են որպես կատարված գործողություններ:
Ըստ քննիչի՝ «Էլլիպս Ջի Էյ» ընկերության համահիմնադրի նախաձեռնությամբ կազմվել են հարկային կեղծ հաշիվներ, անապրանք փաստաթղթեր, որոնք ներկայացվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը:
Խաչատուր Գալստյան - Իսկ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը, իր հերթին, դրանք ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և ստացել համապատասխան փոխհատուցում` այն պայմաններում, երբ գործով պարզվել է, որ որոշակի սպասարկման ծառայություններ «Էլլիպս Ջի Էյ» ընկերության կողմից, ըստ էության, փաստացի չեն կատարվել:
Գործով երեք մեղադրյալներն էլ առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:
Արշակ Կարապետյան (պաշտպան) - Այս գործով ցուցմունք չեն տվել, բայց, ըստ էության, քննության առարկան նույնն է, որը հարուցված է 18 թվականի գործով: Այդ գործով ցուցմունք տվել են, պատասխանել են բոլոր հարցերին և մանրակրկիտ ներկայացրել են բոլոր հանգամանքները քննիչին, իսկ 2-րդ հարուցված քրեական գործով նույն հարցերի վերաբերյալ ցուցմունք տալը բացարձակ անիմաստ գտանք:
Խաչատուր Գալստյան - ՀՀ-ի բալանսում կա 183 արագաչափ, որը տրամադրել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը, բայց փաստացի 2017 թվականի փետրվարի 2020 թվականի փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում էդ արագաչափ սարքերից ոչ բոլորն են միշտ աշխատել, այնինչ «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունը ցույց է տվել, որ միշտ այդ 183-ը սպասարկել է:
Մեկ արագաչափի սպասարկումը շաբաթական 27 հազար դրամ է, ըստ մրցութային հայտի՝ «Էլլիպսը» պետք է արագաչափերի սպասարկումն իրականացներ ամսական 4 անգամ:
Խաչատուր Գալստյան - Այնինչ, մենք քննությամբ պարզել ենք, որ ոչ միայն 183 արագաչափ չի աշխատել ամիսների ընթացքում, այլ նաև ոչ թե 4 անգամ է սպասարկվել որոշ դեպքերում, այլ՝ երկու անգամ:
Այսպիսով, անապրանք փաստաթղթեր ներկայացնելով` պետությանը պատճառվել է մոտ 500 միլիոն դրամի վնաս: Թե՛ 2018-ին, և թե՛ 2022-ին հարուցված քրեական գործերով այժմ ընթանում են ակտիվ քննչական գործողություններ:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան