Երևանի Կոնդ թաղամասի բնակիչները մտահոգ են: Իրենց տարածքային պոլիկլինիկան մեկ այլ պոլիկլինիկայի հետ միավորելու լուրն առել են ու դեմ են այդ հեռանկարին:
Նաիրա Երեմյան (Երևանի Կոնդ թաղամասի բնակիչ) - Նույնիսկ այստեղ որ գալիս եմ, էլի դժվարություններ կան, որովհետև ես իմ հիվանդին պետք է թողնեմ, գամ, ժամանակ վատնեմ, որպեսզի դեղերը ստանամ:
Համար 1 պոլիկլինիկան նախատեսվում է ընդգրկել համար 4 պոլիկլինիկայի կազմում: Մեկը մյուսից հեռու է մոտ 2,5 կմ:
Քաղաքացի Գոհար Պողոսյանն ասում է՝ չի կարողանա ավելի մեծ հեռավորության վրա գտնվող պոլիկլինիկա հասնել, մոտակա մասնավոր բուժհաստատություններից էլ ի վիճակի չէ օգտվել:
Գոհար Պողոսյան (Երևանի Կոնդ թաղամասի բնակիչ) - Ինչի համար, ես էս վիճակիս, միայնակ թոշառակու եմ, երկրորդ կարգի հաշմանդամ, «Փարոսի» անդամ, ես ինչ թոշակ եմ ստանում՝ տաքսիներով հասնեմ եսիմ որտեղ՝ ինչ-որ մի հատ ստուգման համար:
Ասում է՝ իրենց պոլիկլինիկայից դժգոհություն չունեն: Ծառայություններն էլ բազմազան են:
Քաղաքապետարանից խնդրի վերաբերյալ մեկնաբանություն չտվեցին՝ ասելով, որ քաղաքապետի տեղակալը վերջերս է այդ թեմայով ասուլիս արել: Ասուլիսում Գևորգ Սիմոնյանը նշել էր, որ ավագանու որոշմամբ` առաջնային օղակի 7 կազմակերպություն պետք է խոշորացվեն՝ միանալով մոտակա այլ պոլիկլինիկաների: Ու թեև այդ որոշմամբ նախատեսվել է, որ կենտրոնացված կլինի միայն կառավարումը, քննարկվում է պոլիկլինիկաներից երկուսը, այդ թվում՝ համար 1-ը, իրենց շենքերից տեղափոխելու հարցը:
Գևորգ Սիմոնյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Բայց այդ քննարկումը կդառնա որոշում, եթե մենք գործող պոլիկլինիկայի թե՛ ազգաբնակչությանը, թե՛ բուժանձնակազմին ավելի լավ պայմաններ առաջարկենք մյուս վայրում: Այսինքն՝ ավելի լավ սարքավորումներ, ավելի լավ շենքային պայմաններ և այլն:
Վերակազմակերպման անհրաժեշտությունը բացատրվում է սպասարկվող բնակչության փոքր թվով. երբ այն 10 հազարից 25 հազարի սահմաններում է, բյուջեն փոքր է լինում, ծառայությունների որակ ապահովելն էլ՝ քիչ հավանական:
Գևորգ Սիմոնյան - Հիմա էս խոշորացման արդյունքում նման բնույթի բոլոր խնդիրները կլուծվեն, ինչպես նաև, օրինակ, եթե այդ երկու շենքերի մասով ծառայությունը տեղափոխենք, ստիպված չենք լինի չորս շենք հիմնանորոգել, այլ ստիպված կլինենք երկու շենք հիմնանորոգել:
Պատասխանելով բնակիչների շրջանում տարածված կարծիքին, թե համար 1 պոլիկլինիկան տեղափոխում են շենքն ազատելու և տիրանալու համար` քաղաքապետի տեղակալն ասել էր, որ տվյալ պարագայում փորձում են առողջապահական խնդիր լուծել: Իսկ շենքի ճակատագիրը կորոշի Երևանի ավագանին:
Հեղինակ` Աննա Զախարյան