Կառավարությունը քննարկում է նախագիծ, ըստ որի` կսահմանվի «Հանրապետություն» մրցանակ: Այն կշնորհվի Հայաստանի զարգացման գործում ավանդ ներդրած քաղաքացիներին: Նախագիծը կյանքի կկոչվի «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի առաջարկությամբ և ֆինանսավորմամբ:
Ժան Պողոսյան («Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի համանախագահ) - Միտքը հետևյալն էր՝ Հայաստանում գիտնականներին, արտիստներին, երիտասարդ կատարողներին ոգևորել, որպեսզի Հայաստանը չթողնեն և չգնան: Մրցանակը վերաբերում է հիմնականում գիտության, ֆիզիկայի, կենսաբանության և բժշկության բնագավառներին: Առանձնակի ուշադրություն է դարձվում նաև գրականությանը և արվեստին:
«Հանրապետություն» մրցանակը փոխարինում է «Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին», որը շնորհվում էր ավելի քան 18 տարի, սակայն այլևս չգործածվեց երկրի կառավարման մոդելի փոփոխությունից հետո:
Մրցանակի առաջադրման շուրջ համաձայնագիր է կնքվել «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» ու «Հայաստան» համահայկական հիմնադրամների միջև: Մրցանակի ընտրություն կատարող հանձնաժողովի և այլ հարցերի շուրջ քննարկումներ են եղել նաև ԿԳՄՍ նախարարության հետ:
Ռաշիդ Գալստյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարության իրավաբանության վարչության օրենսդրության բաժնի գլխավոր մասնագետ) - Հանձնաժողովը ինքն է ընտրելու, ոչ մի միջամտություն, ոչ մի ներգործում նրա աշխատանքին չի լինելու: Համապատասխան հանձնաժողով կհաստատվի և կունենա իր աշխատակարգը, իսկ թեկնածուներին կներկայացվեն համապատասխան պահանջներ, որոնք արդեն սահմանված կլինեն, և առաջադրումներն էլ կկատարվեն նախօրոք սահմանված կարգով:
Նախարարությունը նշում է, որ այժմ աշխատանքներ են տարվում հանձնաժողովի կազմի, աշխատակարգի, թեկնածուներին ներկայացվող պահանջների, ընտրության սահմանման, նաև պարգևատրման չափի ու անվանակարգեր սահմանելու վերաբերյալ:
Մրցանակաբաշխությունը կրելու է ամենամյա բնույթ, և յուրաքանչյուր բնագավառի համար շնորհվելու է համանուն վկայագիր, կրծքանշան ու դրամական պարգև: «Հանրապետություն» մրցանակը շնորհվելու է՝ սկսած 2023 թվականից: