Շիրակի մարզի Ղարիբջանյան համայնքի բնակիչները հուլիսի 19-ին ոռոգման ջրի պահանջով բողոքի ակցիա են իրականացրել՝ փորձելով փակել Գյումրի-Արմավիր ավտոճանապարհը։ Գյուղացիների հետ հանդիպման եկած Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանից և գյուղվարչության պետ Ռոման Համայակյանից նրանք պահանջում էին իջնել գյուղ ու տեսնել, թե ինչպես է գյուղացին փորձում խմելու ջրով փրկել տնտեսության մի մասը։
Ղարիբջանյան համայնքը Ջրօգտագործողների ընկերության անդամ չէ։ Ժամանակին գյուղը հրաժարվել է ընկերությանն անդամակցել ու վճարովի ոռոգման ջուր ստանալ և չունի համապատասխան ջրատարներ։ Նախկինում գյուղում ջրհան կայան կար, որտեղից էլ սնվել են դաշտերը՝ անվճար։ Այդ կայանը շարքից դուրս է եկել արդեն 25 տարի, և գյուղը չունի ջրի ներքին պաշարներ։
Ժամանակավոր լուծման երկու տարբերակ կա։
Ալբերտ Այվազյան (Շիրակի մարզպետի տեղակալ) - Տարբերակ 1` ուզում են ջրառին խնդրել, որ հարցին լուծում տանք ՋՕ-ի միջոցով։ Գնանք մի տեղ, նասոս դնենք, հարցին ժամանակավոր լուծում տանք։
Երկրորդ տարբերակը հարևան Ազատան համայնքի ջրային պաշարներից օգտվելն է, բայց դրանք էլ սուղ են։ Գրաֆիկ են մշակել, որ գյուղերը հերթով ջրեն, բայց էլի Ղարիբջանյանին հերթ չի հասնում։ Համայնքը պոմպակայան կառուցելու սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել։
Ալբերտ Այվազյան - Պետությունը պատրաստ է, հավանության արժանացել է, հիմա երկրորդ փուլում նախագիծ-նախահաշիվ է պատվիրված, կուղարկենք նախարարություն, թե ոչ այս տարի, մյուս տարի շինաշխատանքները կսկսենք։
Իսկ առայժմ միջանկյալ լուծում են որոնում՝ գյուղի հին ջրհան կայանի տարածքում պոմպակայանով ջուր հասցնելու տարբերակով: