ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` հայտնելով, որ ուսուցիչների վարձատրությանը պետբյուջեից հատկացվող գումարի չափն ավելացել է:
«Շատ ենք խոսում, որ կրթության բյուջեն տարեցտարի ավելանում է։ Դրանում սովորաբար շեշտադրվում է կապիտալ ծախսերի մասնաբաժինը, բայց ոչ միայն։ 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով Կառավարությունը միայն ուսուցչի վարձատրության համար 2023 թվականին հաստատել է ավելի քան 8,5 մլրդ լրացուցիչ գումար։
Ընդ որում, այդ գումարներից շուրջ 4,5 մլրդն ուղղված է ուսուցչի վարձատրության բարձրացման երեք նոր նախաձեռնությունների՝
- բնագիտական առարկաների ուսուցիչների լրացուցիչ վարձատրությանը՝ անկախ դպրոցի տեղակայման վայրից,
- գյուղական փոքր դպրոցների ուսուցիչների լրացուցիչ վարձատրությանը,
- բազմահամակազմ դասարանների վերաձևավորմանը և նոր ձևով ֆինանսավորմանը առաջին փուլում Սյունիքի մարզում, որով բազմահամակազմ դասարան կձևավորվի միայն արվեստ և արհեստ, ֆիզիկական կենսագործունեություն բնագավառներում՝ այդ դեպքում ուսուցիչների համար մեկ ժամի համար հավելյալ արժեք սահմանելով, մյուս բոլոր առարկաների համար ամեն դասարան առանձին դասավանդում կունենա, որն իհարկե կնշանակի նաև ժամաքանակի ու առարկայական ուսուցիչների ծանրաբեռնվածության և վարձատրության ավելացում։
Մնացած շուրջ 4 միլիարդն ուղղվելու է կամավոր ատեստավորման արդյունքներում հավելավճարների և բարձրացված դրույքաչափի վճարմանը»,- գրել է նա։
Անդրեասյանը հայտնել է, որ սա Կառավարության հաստատված որոշում է, որին կարելի է ծանոթանալ այստեղ: