Վայոց ձորի մարզի սահմանամերձ դարձած Բարձրունի համայնքի դպրոցն է: Սա էլ՝ դպրոցի ապահով սենյակը: Նկուղային հարկում ստեղծված այս տարածքի նպատակն է, որ աշակերտներն ու ուսուցիչները կարողանան մի քանի ժամով պատսպարվել, եթե կրակոցներ կամ հրետակոծություն լինի, մինչև որ համայնքը կամ պատկան մարմինները որոշում կայացնեն՝ ըստ իրավիճակի:
Նարինե Ավետիսյան (Վայոց ձորի Բարձրունի համայնքի դպրոցի տնօրեն) - Տեսնում եք՝ համարակալված են դասարանների համար, որպեսզի հասկանանք՝ երեխաներից բոլորը ներկա՞ են, բոլոր աշակերտները կա՞ն, թե ունենք երեխա, որն այդ շփոթմունքի ժամանակ մնացել է ինչ-որ տեղ: Բացակա է ստանում էստեղ, ու հասկանանք՝ ում կարող ենք օգնել, ինչպես կարող ենք օգնել:
Նկուղային այս տարածքում տեղադրված են նստարաններ: Կան առաջին բուժօգնության պարագաներ, ծածկոցներ, ջուր, որը պարբերաբար փոխվում-թարմացվում է: Ապահով սենյակից օգտվելու անհրաժեշտություն բարեբախտաբար չի եղել: Բայց դպրոցում պարբերաբար կազմակերպվում են վարժանքներ, նաև Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից, որ երեխաները սովորեն տագնապի ազդանշաններին արագ արձագանքել ու խուճապի չմատնվել:
Հարություն Մովսիսյան (Բարձրունու միջնակարգ դպրոցի աշակերտ) - Մեզ տագնապ էին տալիս, մենք գնում էինք պադվալ, էնտեղ նստում էինք և սպասում էինք, մինչև իրենք ասեին, թե երբ պիտի դուրս գանք հերթով: Շարքերը ասում էին՝ որ դասարանն ա, շարվում էինք, որտեղ նշված էր 4-5-րդ դասարաններ, էնտեղ էինք:
Ապահով սենյակը ստեղծել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Սա սահմանամերձ բնակավայրերում կազմակերպության իրականացրած տարատեսակ ծրագրերից մեկն է:
Զառա Ամատունի (ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար) - Մենք բավականին աշխատել ենք նաև Տավուշի մարզում մինչև վերջին հակամարտության էսկալացիան 2020 թվականի, որն իհարկե ընդլայնեց մեր գործունեության շրջանակը դեպի հարավ, սակայն կարող եմ ասել, որ ապահով սենյակները, որպես տեսակ, մենք մշակել ենք դեռևս Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի համար և սկսել ենք դրանք կառուցել 2017 թվականից:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Տավուշի մարզում ու Վայոց ձորում ստեղծվել են մինչև 20 այսպիսի սենյակներ՝ դպրոցների, մանկապարտեզների կամ համայնքային կենտրոնների նկուղային տարածքներում:
Հեղինակ՝ Աննա Զախարյան