Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Սյունիքի մարզում է: Վերջին 3 օրերին տարբեր հանդիպումներ է ունեցել մարզի մի շարք համայնքներում: Առաջին կանգառը Գորիսում Ակսել Բակունցի տուն-թանգարանն էր: Այստեղ գտնվող հարյուրավոր ցուցանմուշների միջոցով ներկայացվում են գրողի ուսումնառության տարիները, զինվորական կյանքը, գրական բեղմնավոր գործունեությունը: Պահպանվել են Բակունցի անկողինը, զգեստապահարանը, մետաքսե վերնաշապիկն ու կենցաղային իրերը:
Այցի շրջանակում վարչապետի տիկնոջը հյուրասիրել են տան բակում աճող վարդի թերթիկներից պատրաստված թեյ, որը Բակունցի մայրը հյուրասիրում էր իր հյուրերին:
Աննա Հակոբյանն այնուհետև այցելել է Վերիշեն համայնք՝ կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն», որը ստեղծվել է 2009 թ.՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Գորիսի և հարակից գյուղերի կանայք կենտրոնում բրդից թելեր են ստանում, ներկում բնական հումքով և գործում գորգեր։ Կարում են վարագույր, ծածկոց, բարձ և պայուսակ: Կոստյումներ և կոշիկներ կարելու համար էլ ոճաբան-մասնագետ են փնտրում։
Աննա Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց դառնալ դրանց առաջին կրողը, երբ լինի արտադրանքը։ Արտադրամասի շնորհիվ մշտական աշխատանք ունի 14 կին։ Այստեղ շաբաթական 3 անգամ էլ Գորիսի ու հարակից գյուղերի 10-12 տարեկան աղջիկներին սովորեցնում են կարպետագործություն։
Այցի 2-րդ օրը վարչապետի տիկինը Քաջարան համայնքում էր: Այստեղ հյուրընկալվեց Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 100-ամյա Արշալույս Թադևոսյանի տանը: Նա գնդացրորդ է եղել, ռազմի դաշտ է մեկնել 19 տարեկանում։
Մեղրի այցն էլ վարչապետի տիկնոջ օրակարգում էր: Այստեղ նա եղել է Կադաստրի կոմիտեում գրանցված ամենահին տանը։ Պաշտոնական փաստաթղթերում «Խաչաց տունը» հայտնվել է 1820 թվականին, սակայն կառույցը 500 տարվա պատմություն ունի: Հիմնադիրները Մեղրիի առաջին բնակիչներն էին՝ Խաչիկյանները։ Հիմա կառույցը հյուրատուն է, որտեղ նաև կարելի է ծանոթանալ համայնքի պատմությանն ու մշակույթին:
Խաչիկյանների ժառանգներից հյուրատան հիմնադիր-տնօրեն Շահանե Խաչիկյանը պատմել է, որ ժամանակին այստեղ են հանգրվանել հայ արձակագիր Հրանտ Մաթևոսյանն ու բանաստեղծ Համո Սահյանը: Մեղրիում է գտնվում նաև 17-րդ դարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Բացառիկ որմնանկարները, որոնք վնասվել են 1700 թվականին, Խաչիկյանների ջանքերով վերականգնվել են 1866-ին:
Վարչապետի տիկինն այցելեց նաև Մեղրիի մանկապարտեզ, որի հիմնանորոգման համար միջոցներ էր հատկացրել «Իմ քայլը» հիմնադրամը։
Այնուհետև Աննա Հակոբյանը եղավ նաև Ներքին Հանդ և Շիկահող համայնքներում: Գյուղերի մերձակա տարածքում 1958 թվականին ստեղծվել է արգելավայր՝ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված արևելյան սոսի ծառատեսակի պահպանության և վերարտադրության նպատակով: Սոսու պուրակում աճող ծառերը 250-300 տարվա պատմություն ունեն։
Ներքին Հանդում բնակիչները վարչապետի տիկնոջը խնդրեցին մեկ օրով փոխադրամիջոց տրամադրել, որ գյուղի կանայք շրջայց կատարեն Հայաստանի տեսարժան վայրերից մեկում։ Նա խոստացավ կազմակերպել կանանց այցելությունն ու ժամանցը Սևանի վանք և Գառնի, Գեղարդ։ Շիկահողում էլ Աննա Հակոբյանը եղավ կարի արտադրամասում, որը ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո` Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ֆինանսավորմամբ: Հարգանքի տուրք մատուցեց և ծաղիկներ խոնարհեց Հայրենական մեծ պատերազմի զոհերի և արցախյան ազատամարտի անհետ կորած և զոհված զինծառայողների հիշատակին կառուցված հուշահամալիրներին:
Սյունիքի մարզկենտրոն Կապանում էլ կանգառը նախ ժամանակակից արվեստի թանգարանն էր: Այստեղ ցուցադրված են կապանցի արվեստագետների ստեղծագործությունները: Ներկայացված աշխատանքների մեծ մասը պատկանում է Երևանի քաղաքապետարանին: Ֆոնդի ցուցադրման պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա նոյեմբերին: Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը վարչապետի տիկնոջը խնդրեց հնարավորություն ստեղծել պայմանագիրը երկարաձգելու և թանգարանում ներկայացված նմուշների ցուցադրությունը շարունակելու համար:
Ի պատասխան Հակոբյանի հարցի` նաև տեղեկացրեց, որ քաղաքում շինաշխատանքներն ակտիվ փուլում են, այժմ կառուցվում է 3 բարձրահարկ շենք:
Վարչապետի տիկինը հանդիպեց նաև Կապանի համար թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտ Արտյոմ Համբարձումյանի հետ: Նրա՝ «Պոլիպրոպիլենից՝ մինչև վառելիք» գյուտը այս տարի հաղթող է ճանաչվել Համադպրոցական գիտության փառատոնի «Քիմիա» անվանակարգում:
Պատանին իր ստեղծած ինքնաշեն համակարգով պլաստմասսայե տարաները վերածում է հեղուկ վառելիքի: Արտյոմը մասնակցել է նաև ԱՄՆ-ի գիտատեխնիկական փառատոնին: Սպասում է արդյունքների ամփոփմանը:
Վարչապետի տիկինը Կառավարության կողմից համակարգիչ նվիրեց փոքրիկ գյուտարարին։ Երեխայի գիտական նվաճումների համար շնորհակալություն հայտնեց նրա մայրիկին և տատիկին, խոստացավ հաջորդ անգամ նրանց այցելության գալ իր երեխաների հետ և անել ամեն ինչ, որպեսզի իրականություն դառնան Արտյոմի նաև մյուս գաղափարները:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Սյունիք կատարած այցն ավարտեց Դավիթ Բեկ գյուղում: Շրջեց անցյալ տարի հիմնադրված մանկական զարգացման կենտրոնում, երեխաներին խոստացավ Երևանից գրքեր ուղարկել և հարստացնել կենտրոնի գրադարանը:
Հեղինակ` Աննա Զախարյան