Բանակին անպիտան հրթիռներ մատակարարելու գործով նիստի մի մասն այսօր անցկացվեց դռնբաց ռեժիմով: Դեռևս ամիսներ առաջ դատարանը որոշել էր այս գործով նիստերը քննել դռնփակ՝ գործում պետական գաղտնիքի առկայության հիմնավորմամբ: Գործը դռնբաց անելու վերաբերյալ պաշտպանական կողմի մի քանի միջնորդություններ մերժվել էին, իսկ այսօր բավարարվեցին: Այս գործով մեղադրյալ են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը, ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԶՈՒ-ի ևս երկու պաշտոնատար անձինք: Պաշտպանները հավաստիացրել են, որ կարող են դատարան ներկայացնել առաջադրված մեղադրանքի՝ ըստ իրենց անհիմն լինելը հաստատող փաստաթղթեր, որոնք որևէ գաղտնիք չեն պարունակում:
Դատավորի՝ նիստը դռնբաց անցկացնելու որոշումից հետո արդեն լրագրողների ներկայությամբ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը ներկայացրեց փաստաթղթեր, որոնք ստացել են պաշտպանության նախարարությունից և գլխավոր շտաբից՝ ի պատասխան իրենց հարցման:
Սերգեյ Հովհաննիսյան (Դավիթ Տոնոյանի պաշտպան) - ՊՆ և «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության միջև 2018 թվականի դեկտեմբերի 21-ին կնքված պայմանագրի շրջանակներում ֆինանսավորում չի իրականացվել: Այսինքն` որ մենք անընդհատ պնդում ենք, որ որևէ միջոց դուրս չի բերվել պետական բյուջեից, այդ թվում նաև՝ պաշտպանության նախարարության բյուջեից, այս գրությամբ հաստատվում է:
Մյուս փաստաթուղթն էլ վերաբերում էր հրթիռների ժամկետանց լինելուն: Պաշտպանը այս փաստաթղթով հակադարձում էր մեղադրանքի այն ձևակերպմանը, որ դրանք ձեռք են բերվել` առանց հաշվի առնելու իրական պահանջարկը:
Սերգեյ Հովհաննիսյան - Սույն գրությամբ հիմնավորվում է, որ ձեռք բերված հրթիռներից որևէ մեկը ժամկետն անցած լինելու հիմքով չի խոտանվել, ավելին, դրանց պահպանության ժամկետները երկարացվել են:
Մյուս փաստաթղթով էլ, ըստ պաշտպանի, հիմնավորվում է, որ հրթիռների տեխնիկական վիճակը սահմանող իրավական ակտեր զինված ուժերի ավիացիայի վարչությունում առկա չեն: Մինդեռ, ըստ պաշտպանի, անձինք մեղադրվում են տեխնիկական վիճակին չհամապատասխանող հրթիռներ ձեռք բերելու համար:
Գործով մյուս մեղադրյալների՝ Դավիթ Գալստյանի և Ստեփան Գալստյանի պաշտպաններն էլ ներկայացրին իրենց ձեռքի տակ եղած փաստաթղթերը, որոնք, ըստ նրանց, ուղղակիորեն հերքում են հրթիռների` անորակ և անպիտան լինելու պնդումները:
Մինչ ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը` մեղադրող դատախազ Էդգար Արսենյանն անդրադարձավ դատավորի գործողություններին: Պարզ դարձավ, որ դատարանը նիստը դռնբաց քննելու միջնորդության ժամանակ չի հարցրել մեղադրող կողմի կարծիքը:
Էդգար Արսենյան (մեղադրող դատախազ) - Հակասեցիք ձեր կողմից 2022 թվականի հունվարի 26-ին կայացված որոշման հիմնավորումներին, բայց միաժամանակ նաև մրցակցության իրավունքի խախտմամբ մեզ զրկեցիք պատշաճ կերպով նշված փաստական տվյալներին անդրադառնալուց:
Դատախազը հաստատեց ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները:
Էդգար Արսենյան - Գտնում ենք, որ բավարար ապացույցների համակցությամբ առաջադրվել է մեղադրանք, իսկ հիմնավորումները կարող ենք ներկայացնել դռնփակ դատական նիստում, քանի որ քրեական գործի նյութերը հանդիսանում են գաղտնի:
Հայտարարությամբ հանդես եկավ նաև պաշտպանության նախկին նախարար, ամբաստանյալ Դավիթ Տոնոյանը. շնորհակալություն հայտնեց դատարանի նիստը դռնբաց անելու համար, ապա խնդրեց մեղադրողներին հարց ուղղել:
Դավիթ Տոնոյան (պաշտպանության նախկին նախարար) - Խնդրում եմ ձեզ, որպեսզի դուք մեղադրող կողմին հարցում կատարեք՝ մեկ նմուշ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթի ներկայացմամբ կոնկրետ ի՞նչն է բացահայտվում կոնկրետ այս գործով, ևս մեկ անգամ խնդրում եմ, որպեսզի դուք տեղյակ լինեք, այս հատորների գաղտնիացման հեղինակները երեք մեղադրվողները՝ մենք ենք:
Քանի որ միջնորդությունների վերաբերյալ քննարկումն ավարտվեց, իսկ դռնբաց դատական ռեժիմը բացառապես դրանք ներկայացնելու համար էր, դատարանը որոշեց գործի քննությունը շարունակել դռնփակ:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան