Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն Արենիում է: Մեկնարկել է հայկական Արենին և ֆրանսիական Բանդոլը, Տրետսը քույր քաղաքներ ճանաչելու գործընթացը:
Դեսպանը խաղողի այգիներ ու գինու գործարաններ այցելելով՝ տեղում է ծանոթանում, թե խաղողի որ սորտը ի՛նչ պատմություն ունի, ի՛նչ նոր համ կտա հայկական գինուն:
Անն Լույո (Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան) -
Կարծում եմ՝ Ֆրանսիան և Հայաստանը երկու մեծ գինեգործական երկրներ են, և նրանք համատեղ անելիքներ ունեն։ Շատ լավ տպավորություններ ունեմ, տեսնում եմ, որ խաղողագործությունը զարգանում է: Տեսնում եմ, որ կան նաև տնտեսական այլ գործունեություններ, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում: Տեսնում եմ, որ թե՛ մարզի, թե՛ Արենի քաղաքի իշխանությունները լիովին մոբիլիզացված են տեղական տնտեսական ակտիվության, բայց նաև Ֆրանսիայի հետ գործակցության մեջ։
Ի դեպ, Հայաստանի Վայոց ձորի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության միջև ապակենտրոնացված գործակցության շրջանակում 1997 թ․-ից Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքը և Սան Ռաֆայել դեպարտամենտի համանուն քաղաքը հանդիսանում են քույր քաղաքներ։ Հետագայում կապ է հաստատվել Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրի և Բուշ դյու Ռոն դեպարտամենտի Տրե համայնքի միջև, իսկ 2017 թ․ Արենի համայնքի Արենի բնակավայրը բարեկամության հուշագիր է կնքել Վար դեպարտամենտի Բանդոլ համայնքի հետ։ Դեսպանի բնորոշմամբ՝ Վայոց ձորը Հայաստանի ֆրանսախոս մարզն է:
Անն Լույո - Ես հնարավորություն ունեցա այցելել թիվ 2 դպրոց, որն ունի ֆրանսերենի դասավանդման խորացված կարևոր ծրագիր, և որտեղ ավելի քան 300 աշակերտ սովորում է ֆրանսերեն և ունի ֆրանսերենի շատ լավ մակարդակ: Այսպիսով կարելի է ասել, որ Վայոց ձորը գինեգործության և ֆրանսերենի մարզ է։
Ավելացնում է՝ հաջորդ քայլն արդեն բոլոր գաղափարները իրականացնելուն պետք է ուղղել, շեշտում՝ դեսպանությունը պատրաստ է աջակցելու այդ ծրագրերին։ Ի դեպ, հունիսի վերջին Լիոնում տեղի է ունենալու Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության համաժողովը: Հրաժեշտի ժամանակ դեսպանը հույս հայտնեց շուտով էլի վերադառնալ Վայոց ձոր, հատկապես՝ Արենի։
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան