664736 աշխատատեղ, 233965 դրամ միջին աշխատավարձ. հայաստանյան աշխատաշուկայի ապրիլի ցուցանիշներն են: Սա աշխատատեղերի քանակի երբևէ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է: 2021-ի ապրիլի համեմատ աշխատատեղերն աճել են 6.1, 2020-ի ապրիլի համեմատ՝ 21.4, 2019-ի համեմատ՝ 12.2 և 2018-ի ապրիլի համեմատ՝ 22.8 տոկոսով:
Միջին աշխատավարձը ևս նախորդ տարիների ապրիլի նկատմամբ մեծ աճ է գրանցել: 2021-ի համեմատ՝ ավելի քան 21 հազար դրամով, 2020-ի համեմատ՝ 30 հազար դրամով, 2019-ի համեմատ շուրջ՝ 47 հազար, իսկ 2018-ի համեմատ՝ 60 հազար դրամով: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը աշխատատեղերի ռեկորդային ցուցանիշը մի քանի հանգամանքով է պայմանավորում՝ առաջին հերթին տնտեսական աճով:
Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Երկրորդը, կարծում եմ՝ վարչարարության ուժեղացումն է և վարչարարության արդյունավետության բարձրացումը, որի հետևանքով մի շարք չգրանցված աշխատատեղեր գրանցվում են, և դա նույնպես դրական է տնտեսության և մարդկանց համար, որովհետև մարդիկ վճարում են եկամտային հարկ, դա գնում է պետական բյուջե, և միևնույն ժամանակ մարդիկ նաև կուտակում են կենսաթոշակային ստաժ, Կենսաթոշակային հիմնադրամ գումար են մուծում, այսինքն` նաև իրենց ապահով ծերության հարցն է զուգահեռաբար կարգավորվում:
Կառավարության իրականացրած հարկային բարեփոխումները, մասնավորապես, եկամտահարկի տոկոսադրույքի նվազեցումն էլ իր հերթին է նպաստել աշխատատեղերի թվի աճին՝ ընդգծում է Գևորգ Պապոյանը:
Գևորգ Պապոյան - Իհարկե, նաև որոշակի ազդեցություն ունի վերջին շրջանում ներգաղթը Հայաստանի Հանրապետություն, ընդ որում` տարբեր երկրների քաղաքացիներ, տարբեր ազգությունների, որոնք նաև իրենց հետ որոշակի նաև բիզնես մտածողություն, բիզնես ծրագրեր են բերել, և այդ ծրագրերը, բնականաբար, իրենց հետևից որոշակի տնտեսական էֆեկտ են ստեղծել:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը աշխատատեղերի աճը պայմանավորում է տուրիզմի և ծառայությունների ոլորտի, ինչպես նաև շինարարության ակտիվացմամբ:
Գագիկ Մակարյան (Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ) - Մասնավոր սեկտորը ուներ բավական մեծ թվով բազմաբնակարան շենքերի նախագծեր, որոնք շարունակում է կառուցել և դրա հաշվին ավելացնում է աշխատողների թվաքանակը, այդ թվում նաև օգտագործելով աշխատանքային միգրացիայի չմեկնած քաղաքացիների, որոնք Ռուսաստանում իրավիճակի պատճառով չմեկնեցին: Եվ երկրորդը, որ պետական գնումների ծավալն է որոշակիորեն պլանավորված, որը մտել է Կառավարության նոր հնգամյա ծրագրի, նաև պետական գնումների շրջանակում՝ տարբեր ենթակառուցվածքների ստեղծման, դպրոցների, մանկապարտեզների և այլն:
Եթե նախորդ երեք տարում աշխատատեղերի աճը հիմնականում պայմանավորված էր ստվերի կրճատմամբ, ապա այժմ՝ տնտեսության ակտիվությամբ՝ նշում է Պապոյանը: Միջին եկամտի չափը մեր երկրում աշխարհի միջին ցուցանիշից բարձր է, սակայն նշաձողն ավելի բարձրացնելու անհրաժեշտություն կա:
Գևորգ Պապոյան - Բնականաբար, մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին արժանի է շատ ավելիի, և ամեն ինչ անում ենք, որպեսզի հաջորդ տարվա ապրիլին կամ մայիսին այսպիսի հարցազրույց մենք տանք և արձանագրենք, որ հերթական ռեկորդն ենք ունեցել, և այս անգամ էլ, օրինակ՝ ևս 15 կամ 20 հազար դրամով միջին աշխատավարձը ավելացել է:
Եթե նոր ֆորսմաժորային վիճակ չլինի, ապա աշխատատեղերի աճի տեմպը կպահպանվի՝ ընդգծում են մասնագետները:
Գագիկ Մակարյան - Խաղաղության կամ պետական անվտանգության երաշխիքները շատ մոտիվացնում են, շատ թևեր են տալիս բիզնեսին զարգանալու համար: Որովհետև բազմաթիվ նաև ներդրումային փաթեթներ կան, որոնք շրջանառվում են կամ թղթի վրա են, կամ եկել են իրենց զուտ հետաքրքրություններն են արտահայտել, այդ թվում, օրինակ՝ եվրոպական երկրներից՝ Ռուսաստանից, Իրանից նաև:
Ապրիլի 664736 աշխատատեղից 372210-ը ապահովում են մինչև 150 հազար դրամ եկամուտ, 286994-ը՝ 150 հազար դրամից մինչև 2 մլն դրամ, 5532-ը՝ 2 մլն դրամից ավելի եկամուտ:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան