Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժումն առավոտյան Ֆրանսիայի հրապարակից սկսեց անհնազանդության ակցիաները: Ընդդիմադիրները քայլերթով հասան կառավարության երրորդ մասնաշենք, որտեղ մի քանի նախարարություն է տեղակայված: Խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները ցանկանում էին ներս մտել և հանդիպել նախարարներին:
«Շենքի մուտքերը փակելու մտադրություն չունենք, պարզապես ցանկանում ենք մտնել շենք, հանդիպել նախարարներին և հասկակալ՝ նրանք կո՞ղմ, թե՞ դեմ են մեր հայտարարությանը»,- նշեց ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը:
Ընդդիմությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որը վերաբերում է Արցախի հետագա կարգավիճակի ամրագրմանը, պահանջ է հնչեցվել բացառել միջանցքային տրամաբանությունը և ՀՀ տարածքային ամբողջականության խաթարումը սահմանազատման և սահմանագծման գործընթացի ժամանակ: Պատգամավորներին, սակայն, ներս մտնել չհաջողվեց, քաշքշուկ սկսվեց ցուցարարների ու ոստիկանների միջև, որի ընթացքում տուժողներ եղան: 2 ոստիկան և 2 ցուցարար տեղափոխվեցին հիվանդանոց:
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հայտնեցին, որ Կառավարության շենքի շրջակայքից շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխված 4 անձինք հետազոտվել են, նրանց վիճակը գնահատվում է կայուն, կյանքին սպառնացող վտանգ ներկա պահին չկա:
Իշխան Սաղաթելյան (ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ) - Մենք այստեղից չենք հեռանալու, մինչև այդ հանդիպումը տեղի չունենա: Մենք հետ չենք գնալու, ու պատգամավորները շենք մտնելու են:
Այս խոսքից որոշ ժամանակ անց Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե իր տեղեկություններով՝ նախարարներն այլ մուտքից լքել են շենքը: Ընդդիմադիրներն այսպիսով բողոքի ակցիան ավարտեցին ու երթով շարժվեցին դեպի Հանրապետություն փողոց, Կառավարության շենքի շուրջ պտույտ իրականացրին ու կրկին վերադարձան Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ՝ կրկին փորձելով ներս մտել: Ոմանց հաջողվեց մուտք գործել:
Իրավիճակը լարվեց, կրկին բախում սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջև: «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվեց 11 տարեկան աղջիկ:
Բուժհաստատությունից տեղեկացրին, որ երեխան անցել է անհրաժեշտ բոլոր բուժզննումները, իրականացվել է երկու ձեռքի ռենտգեն հետազոտություն, արդյունքների համաձայն՝ ախտորոշվել է երկու դաստակների կապանների գերձգվածություն, ոսկրերի և հոդերի վնասվածներ չեն հայտնաբերվել, կոտրվածք առկա չէ: Աղջիկը դուրս է գրվել:
Բախումներից հետո ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել ցուցարարներին: «Լուրերին» ոստիկանությունից հայտնեցին, որ 111 մասնակից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն։
«Դիմադրություն» շարժումը երթով շարժվեց Ֆրանսիայի հրապարակ, որտեղ Իշխան Սաղաթելյանն արձանագրեց՝ ոստիկանությունը բռնի ուժ է գործադրել նաև պատգամավորների նկատմամբ, ինչն ունենալու է իր իրավական հետևանքները:
Իշխան Սաղաթելյան - Չեն քաշքշել, կոնկրետ խփել են՝ ինձ, Աշոտ Սիմոնյանին, Գեղամ Մանուկյանին, Արամ Վարդևանյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրան Աբրահամյանին, սա ասում եմ նրանց, որոնց կոնկրետ իմ աչքով եմ տեսել:
Հեղինակ` Անի Օհանյան