Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 7 անձի մեղադրանք է առաջադրվել: Մեղադրյալներից հինգը կալանավորվել են:
Ըստ փաստական տվյալների` մայիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմանում, մի խումբ երիտասարդներ, Գյումրիում ընդդիմության հանրահավաքին մասնակցելու համար, ավտոերթով Երևանից ժամանել են Գյումրի: Երբ ավտոերթը հասել է Գյումրիի Երևանյան խճուղում գտնվող տրանսպորտի կանգառ, ավտոերթի մասնակիցները կանգառում կանգնած տարեց տղամարդկանց կոչ են արել միանալ իրենց: Ստանալով բացասական պատասխան՝ երիտասարդները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, այնուհետև իջնելով ավտոմեքենայից՝ մոտեցել են տղամարդկանց և վիճաբանել նրանց հետ, հայհոյել, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: Երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան են: