Ապրիլի 27-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Պարգևատրմանը մասնակցել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

2021-2022 ուսումնական տարում ՃԿՊԱ մագիստրոսի կրթական ծրագիրը չորս մասնագիտությամբ՝ ճգնաժամային կառավարում, փրկարարական գործ, աղետների հոգեբանություն և ճգնաժամային իրավունք, ավարտում է 30 շրջանավարտ, որից 9-ը՝ գերազանցությամբ: ՃԿՊԱ շրջանավարտներից 18-ն արդեն աշխատում են ԱԻՆ, մյուսները՝ ՊՆ ստորաբաժանումներում, միջազգային կառույցներում և այլն:

«Շնորհավորում եմ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մագիստրոսի կրթական ծրագիրը ավարտած շրջանավարտներին: Շատ կարևոր են Ձեր ընտրած մասնագիտությունները, քանի որ բոլորն էլ ուղղված են, հատկապես, Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթներին: Կարծում եմ, որ Ձեր գիտելիքներով, կարողություններով ու հմտություններով բարձր կպահեք ինչպես Ակադեմիայի, այնպես էլ՝ մեր նախարարության պատիվը: Դուք կարող եք դառնալ պետական, կառավարչական, իրավական ոլորտների մասնագետներ»,- իր խոսքում նշել է նախարարը:

Միջոցառման ընթացքում երկարամյա ակտիվ համագործակցության, ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու, աշխատանքային գործունեության ընթացքում ձեռք բերած հաջողությունների, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստականության համար «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով է պարգևատրվել նաև Արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը:



