ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից 2026 թվականի հունիսի 24-ից մինչև 2026 թվականի հունիսի 29-ը Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնաորսիչ և 161 հատ ձկնորսական ցանց, իսկ 531 խեցգետին բաց է թողնվել լիճ։ Այս մասին հայտնում է ծառայությունը։
Կազմվել են օրենսդրության խախտման և վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան արձանագրություններ: Կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N120-Ն որոշմամբ սահմանված է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները:
Սույն որոշմամբ 2026 թվականի համար Սևանա լճում խեցգետին կենդանատեսակի արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։
Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորվում է զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել օրենքով սահմանված նորմերը։ Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված վարչական ու քրեական պատասխանատվություն: