Առողջ սնունդը, հավասարակշռված սննդակարգն ու առողջ ապրելակերպը կարևոր պայմաններ են տարատեսակ հիվանդություններից խուսափելու համար:
Մարիամ Մնացականյան (ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ) - Հիվանդությունների 50 տոկոսը (ոչ վարակիչ հիվանդությունների մասին է խոսքը) պայմանավորված է հենց կենսակերպով:
Սրտանոթային հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, շաքարային դիաբետի առաջացման ռիսկի գործոններից են ծխախոտը, անառողջ սնունդը, աղի, շաքարի ու ալկոհոլի չարաշահումը:
Այս առումով խնդիրները լուծելու, կանխարգելման համալիր ու բազմակողմանի միջոցառումներ իրականացնելու նպատակով առողջապահության նախարարությունը աշխատանքային խումբ կստեղծի, որի կազմում ընդգրկվելու են նաև տարբեր գերատեսչությունների, գիտության ոլորտի, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Առողջապահության նախարարության մասնագետը հատկապես երեխաների սննդակարգին է անդրադառնում:
Մարիամ Մնացականյան - Երեխաների մոտավորապես 50 տոկոսը ամեն օր օգտագործում է քաղցրավենիք, 30 տոկոսը՝ չիպս: Նրանք տեսնում են մեծերի սովորույթները, գովազդները:
Դավիթ Պիպոյան (ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար) - Երբ մարդը ձևավորում է արդեն սխալ սննդային սովորույթներ, շատ մեծ ջանքեր են պահանջվում նրան՝ վերադառնալ առողջ ապրելակերպի և առողջարար սննդային սովորույթների, որովհետև նաև այն համային բուրավետիչները, այն նյութերը, որոնք օգտագործվում են այս արտադրություններում, ցավոք սրտի, մարդկանց դնում են նաև կախվածության մեջ:
Սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարը միաժամանակ փաստում է, որ, օրինակ, դպրոցականներն ու ուսանողները մեծ հնարավորություն էլ չունեն խուսափելու անառողջ սննդից:
Դավիթ Պիպոյան - Ե՛վ ուսանողը, և՛ դպրոցականը ստիպված է այդ մթերքներն ուտել: Ինչու. որովհետև մենք ունենք կարճ դասամիջոց, և չկան համապատասխան պայմաններ: Որ մարդուն հիմա ես էսօր ասեմ՝ հարգելի ուսանող, դու պետք է գնաս-ուտես ամբողջահատիկ ինչ-որ մթերք, պետք է օգտագործես բանջարեղեն, լոբազգի, ձուկ, միս կամ ձու, էդ ուսանողը ինձ չի՞ պատասխանի՝ իմ դասամիջոցը քանի րոպե է, որ ես քո նշած մթերքներն ուտեմ կամ որտեղի՞ց գնամ ձեռք բերեմ, մենք չունենք համապատասխան բուֆետ:
Առողջապահական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ նախատեսվում է միջոցառումներ իրականացնել բոլոր ուղղություններով՝ իրազեկման աշխատանքից մինչև օրենսդրական փոփոխություններ: Շտկումներ ու վերանայումներ են սպասվում, օրինակ, դպրոցական ու նախադպրոցական սննդի կազմակերպման նորմերում:
Հեղինակ՝ Աննա Զախարյան