Սփյուռքում բնակվող 50 հայ երիտասարդ 2020-ին եկել է Հայաստան, կեսից ավելին որոշել է մշտական բնակություն հաստատել հայրենիքում ու աշխատանքի անցել Հայաստանի պետական մարմիններում. ամփոփելով 2021 թվականին իրականացված ծրագրերը՝ արձանագրում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Երիտասարդ մասնագետները հայրենիք են ժամանել «իԳործ» ծրագրի շրջանակում:
Զարեհ Սինանյան (ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար) - 14-ը մշտական աշխատանքի է անցել պետական համակարգում՝ զբաղեցնելով նաև ղեկավար պաշտոններ, ինչպիսիք են՝ Նորամուծությունների և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրենի, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի, «Էքսպո-2020 Դուբայ» համաշխարհային ցուցադրության հայաստանյան տաղավարի ղեկավարի պաշտոնները ևտեղափոխվել է Արցախ:
Հայաստան-Սփյուռք հարաբերություններն էլ ավելի ամրացնելու նպատակով հանձնակատարի գրասենյակը նախաձեռնել է նաև տարբեր երկրներում Սփյուռքի հանձնակատարներ նշանակելու գործընթացը: Սինանյանի խոսքով՝ արդեն ստացել են հարյուրավոր դիմումներ, կան նաև այդ պաշտոնի նախընտրելի թեկնածուներ:
Զարեհ Սինանյան - Այս պահին պլանավորման փուլում ենք, թե աշխարհագրականորեն ինչպես բաժանենք երկրները, որպեսզի մեր ուզած նպատակին հասնենք:
Զարեհ Սինանյանը, չնայած իրականացվող «Քայլ դեպի տուն», «իԳործ» և այլ նախագծերին, Հայաստանում Սփյուռքի ձայնը լսելի դարձնելու առավել ինստիտուցիոնալ մարմին ստեղծելու անհրաժեշտություն է տեսնում: Քննարկվող տարբերակներից մեկը Ազգային ժողովի ստորին՝ սփյուռքի հարցերի պալատի ստեղծումն է:
Զարեհ Սինանյան - Երկպալատանի այս խորհրդարանի կամ Ազգային ժողովի տեսակը մեկն է այդ հնարավորություններից, որը գոյություն ունի. իհարկե, խոսքը օրենսդիր պալատի և խորհրդակցական՝ սփյուռքի պալատի մասին է: Բանաձևերը տարբեր են, պետք է հասկանանք, թե որն է ընդունելի, և շարժվենք առաջ»:
Մինչև այս գաղափարի գործարկումը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սկսել է քարտեզագրել Սփյուռքի ներուժը՝ ստեղծելով սփյուռքահայերի տվյալների ընդհանուր հարթակ: 2021 թվականի ընթացքում 8 հազարից ավելի սփյուռքահայ էլ դիմել է Հայաստանի քաղաքացի դառնալու համար:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան