Արևելյան գործընկերության վեցերորդ գագաթնաժողովը կենտրոնանում է առանցքային հինգ ոլորտների՝ տնտեսության, կառավարման, շրջակա միջավայրի, թվայնացման և հասարակությունների ուղղությամբ աջակցության վրա։ Այս առաջնահերթությունները սահմանվել են՝ հիմք ընդունելով Եվրոպական հարևանության գործիքի արձանագրած նախկին ձեռքբերումները և հաշվի առնելով նոր մարտահրավերներն ու հնարավորությունները, մասնավորապես՝ «կանաչ» անցումը և թվայնացումը հետհամավարակային և վերականգնման համատեքստում:
Այս առաջնահերթությունները հիմնված են Արևելյան գործընկերության անցյալի ձեռքբերումների վրա՝ հաշվի առնելով նոր մարտահրավերներն ու հնարավորությունները:
Վերականգնումը, դիմակայունությունը և բարեփոխումներն այս ապագա օրակարգի հիմնական կառուցվածքային տարրերն են: Դրանց Հայաստանի կառավարությունն ամբողջովին սատարում է։ Այդ օրակարգը ներառում է 10 հիմնական նպատակներ, որոնց պետք է հասնել մինչև 2025 թվականը։
Մհեր Գրիգորյան, ՀՀ փոխվարչապետ - Դա պարունակում է բազմաթիվ միջոցառումներ: Բոլոր այդ միջոցառումները սինխրոնիզացված են կառավարության ծրագրի տրամաբանության հետ: Ըստ էության, կառավարության վերջին ծրագիրը, որ հաստատվեց, կլանում է ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումները:
Հաշվի առնելով 2,6 միլիարդ եվրո բյուջեով իր նոր տնտեսական և ներդրումային ծրագիրը՝ ԵՄ-ն մի շարք հավակնոտ նախաձեռնություններ է նախանշել գործընկեր երկրներից յուրաքանչյուրի համար: Ծրագիրը ներառում է կոնկրետ առաջնահերթ նախագծեր, որոնք տեղերում իրական փոփոխություններ կբերեն մարդկանց և բիզնեսի կյանքում։
Մհեր Գրիգորյան - Ծրագրերը վերաբերում են թե՛ կրթական, թե՛ ջրային ոլորտին, ենթակառուցվածքների զարգացմանը, ինչը շատ կարևոր է և այս պահին նույնպես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: ՓՄՁ զարգացմանը միտված գործիքակազմ՝ բավականին մեծ, Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցում, թվային օրակարգ:
Գագաթնաժողովին զուգահեռ՝ Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչները Եվրոպական խորհրդի շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք պահանջում էին Եվրոպական կառույցներից հետևողական լինել իրենց որոշումների հարցում, մասնավորապես կյանքի կոչել մայիսի 21-ին ռազմագերիների և պահվող այլ անձանց անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը։
Սոնա Բաղումյան, Բելգիայի հայ համայնքի անդամ - Մենք Եվրախորհրդից պահանջում ենք, որ սանկցիաներ կիրառի Ադրբեջանի դեմ, ինչպես կիրառում են, օրինակ, Բելառուսի դեմ։
Մինչ լիագումար նիստի մեկնարկը, տեղի է ունեցել ԱԼԳ մասնակից երկրների առաջնորդների տեսալուսանկարահանման արարողությունը` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրոպական միության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի և ԵՄ-ում նախագահող Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշայի հետ:
Լիագումար նիստի սկզբում ողջույնի խոսքով գագաթնաժողովի մասնակիցներին դիմել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, այնուհետև ելույթներով են հանդես եկել ԱԼԳ մասնակից երկրների, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների ղեկավարները:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Արևելյան գործընկերության շրջանակում Եվրոպական Միության հետ համագործակցությանը, մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և ժողովրդավարության ամրապնդման քայլերին, փոքր և միջին բիզնեսի, ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: