Պայթյունը մի պահ խլացրել էր: Նայեցի կողքերս, ամեն ինչ նույնն էր, մենակ նռնենին չկար: Տպավորություն էր, որ ընկեր եմ կորցրել: Իմ ուղղությամբ կրակած առաջին արկը իր վրա վերցրեց նռնենին:
Մարտական ծառայության մեդալակիրը այսպես է պատմել 44-օրյա պատերազմի ժամանակ իր կյանքը առաջին անգամ փրկած նռնենու մասին։ Այն, սակայն, հաջորդ հարվածը չկարողացավ պահել․ փոշիացել էր։ Շանթ Նավոյանը նույնիսկ պատերազմի ժամանակ՝ արկերի ձայների տակ հասցրել է զգացածը նոթատետրին փոխանցել։
Սիրում էր լուսանկարչությունն ու ֆիլմարտադրությունը։ Նկարել է կարճամետրաժ ֆիլմեր։ Նույնիսկ գորշ օրերում գեղեցիկը փնտրող Շանթը կդառնար 20 տարեկան։ Դպրոցում, որտեղ նա սովորել է 12 տարի, ասում են փոքր ժամանակ արդեն աշխարհին նայում էր այլ կերպ։
Լիանա Հարությունյան (Շանթ Նավոյանի առաջին ուսուցչուհին) - Շանթը, ունենալով ներքին ազատություն և մաքրություն, պիտի ապրեր իր ձևով՝ շանթավարի։ Ազնիվ, ուրախ էր, կյանիքին նայում էր իր աչքերով:
«Էլիտա» դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրում է Շանթ Նավոյանի անունը։
Լիանա Հարությունյան - Նա կենդանի է։ Բոլոր կենդանի մարդկանցից ամենակենդանին է, ինչպես մեր բոլոր նահատակված զինվորները։ Փառք ու պատիվ նրանց, հանձին Շանթի:
Այժմ այդ դպրոցի փոքրիկները խնդրում են, որ հենց իրենք նստեն ծայրի աթողին՝ Շանթին մոտ։
Էլեն Նավոյան (Շանթ Նավոյանի մայրը) - Մեծ հպարտություն եմ զգում, որ նախ ունեմ իրավունքը Շանթի մայրը կոչվելու, որովհետեև արժանիք է։ Դասասենյակի բացումը ևս մեկ քայլ է Շանթի կենդանությունը մշտապես պահելու համար։
Շանթի մտքերն ու ապրումներն ամփոփվել են նրա հուշերի հիման վրա հրատարակված գրքում: Հիմա արդեն նրա ծննդյան 20-ամյակին ներկայացվեց նաև տեսահոլովակ։
Խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտությանը՝ Արսեն Գրիգորյանը։ «Կարոտի նռնենին» կատարում է Սոնա Ռուբենյանը։ Տեսահոլովակում Շանթի քույրն է։
Նարեկ Հակոբյան (Hakobyans brothers ընկերության պրոդյուսեր) - Մենք հանդիսատեսին պետք է մատուցեինք Շանթի աշխարհը՝ իր գույներով. որքան էլ տեսահոլովակը սև ու սպիտակ է, բայց Շանթի այդ գույները մենք փորձել ենք հանդիսատեսին որքան հնարավոր է ներկայացնենք։
Շանթի մայրը չի հավատում պատահականություններին։ Երգի խոսքերը պատրաստ են եղել այս տարի՝ հենց սեպտեմբերի 27-ին։
Էլեն Նավոյան - Սա Շանթի վերածնունդն է նաև, երգը Շանթ է։ Իսկապես չէի պատկերացնում, որ մեջը այսքան Շանթ պետք է լինի:
Շանթ Նավոյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ասում էր՝ մենք լույս կդառնանք, որ երբ պետք գա, հանգչենք՝ առանց հարցնելու՝ ինչից կամ ինչու։
Հեղինակ՝ Անի Ավագյան