Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանքը։ Արդյունքում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես՝ հրացանի, ինքնաձիգի պահունակի, պայթուցիչներով նռնակների և տարբեր տրամաչափի փամփուշտների։
Արդյունավետ էր նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի և Մեծամորի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Արմավիրի բաժնում արձանագրվել են ատրճանակի և ռազմամթերքի, Մեծամորում՝ ռազմամթերքի հանձնման դեպքեր:
«Կալաշնիկովի» ինքնաձիգի, պայթուցիչով նռնակի ու տարբեր հրազենների և տրամաչափի փամփուշտների կամավոր հանձնման դեպքն արձանագրվել է ոստիկանության Մասիսի բաժնում։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, պահունակի և փամփուշտների կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։
Գործարանային համարով հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքն էլ արձանագրվել է ոստիկանության Տավուշի բաժնում՝ ՊՊԳՎ Տավուշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Նշանակվել են փորձաքննություններ։