««Հայաստանի Հանրապետության Կառավարության և Սինգապուրի Հանրապետության Կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագիծը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 20-ի նիստում: Հարցը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հուլիսին Սինգապուրում: Նպատակը երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց համար ազգային օրենսդրությունների համեմատությամբ ավելի նպաստավոր և կայուն հարկային միջավայր ձևավորելն է:
Ըստ Արման Պողոսյանի՝ համաձայնագրի վավերացումը կարևոր ներդրում կլինի ազգային տնտեսությունների ներդրումային գրավչության բարձրացման և տնտեսական ակտիվության ցուցանիշները բարելավելու գործում: Պասիվ եկամուտների մասով հարկման նախապատվության և առաջնահերթության իրավունքը վերապահված է վճարման աղբյուր համարվող երկրին:
Ձեռնարկատիրական շահույթի հարկման դեպքում, եթե վերագրվում է մշտական հաստատությանը, ապա հարկման իրավունքն առաջնահերթորեն ստանում է այն երկիրը, որտեղ ձևավորվել է մշտական հաստատությունը: Եթե ձեռնարկատիրական գործունեությունը կարճատև է, ապա հյուրընկալող երկիրը հարկման իրավունք չի ստանում, դա վերապահվում է բացառապես ռեզիդենտ երկրին:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: