«Հայաստանի Հանրապետության՝ «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրինագիծը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման նպատակով նախատեսվում է միասնական տեղեկատվական դաշտի ստեղծում:
Կլինեն տեղեկատվության հասանելիության միասնական պայմաններ, տեղեկատվության ամբողջականության պահպանման կենտրոնացված համակարգ, ինչպես նաև տվյալների ստուգման ու մշտադիտարկման հավասար հնարավորություններ ու տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի տրամադրման ու ձևակերպման միանման համակարգ:
Վարոս Սիմոնյանը տեղեկացրել է, որ կա վերապահում մեր երկրի համար. համաձայնագրի ազդեցությունը չի տարածվում ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի տրանսպորտային միջոցների, ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների ու հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների վրա: