ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 20-ի նիստում քննարկվել է Կառավարության հեղինակած ««Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» հարցը:
Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի՝ արձանագրությունը ստորագրվել է 2018-ին Դուշանբեում՝ նպատակ ունենալով բարձրացնել մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության արդյունավետությունը և կանոնակարգել միջազգային համագործակցության տեղեկատվական ու մեթոդական բազան:
Զեկուցողի խոսքով՝ համաձայնագրի նպատակն է մաքսային գործի ոլորտում համաձայնագրի մասնակից պետությունների մաքսային մարմինների համագործակցության միջոցով նպաստել ուղևորային և բեռնային հաղորդակցության զարգացմանն ու արագացմանը:
Փաստաթղթի շրջանակում համագործակցությունն ու փոխօգնությունը կիրականացվեն՝ կատարելագործելու կողմերի մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման հետ կապված մաքսային հարաբերությունների կարգավորման կարգը, ապահովելու մաքսային օրենսդրության պահպանումը, կանխարգելելու, հայտնաբերելու, կանխելու և հետաքննելու մաքսային իրավախախտումները, մաքսային գործի բնագավառում տարբեր ուղղություններով իրականացնելու փորձի փոխանակում:

Աշոտ Մուրադյանի տեղեկացմամբ՝ արձանագրությամբ հաստատվող փաստաթղթում ավելացվել են հոդվածներ, որոնք կարգավորում են կողմերի մաքսային մարմինների միջև հարցումների կազմակերպմանն առնչվող հարցերը:
Արձանագրությունը մեր երկրի կողմից ստորագրվել է վերապահումով, ըստ որի՝ հայկական կողմի պարտավորությունները և իրավունքները չեն տարածվի Ադրբեջանի նկատմամբ:
Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: