Մի քանի ամիս է՝ մսի շուկայում խիստ վերահսկողություն է իրականացվում: Տնտեսվարողները պարտավոր են ներկայացնել անասնաբուժական 5-րդ ձև, որն ապացուցում է՝ անասունը մորթվել է սպանդանոցում, միսը ստուգված է և անվտանգ:
Անուշ Հարությունյան (ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ) - Սպանդանոցային մորթի դեպքում դու 100 տոկոսով ապահովագրված ես, որ չես ուտի հիվանդ կենդանու միս, սատկած կամ սատկելու պատրաստ կենդանու միս, որ ինքը մորթված է համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններում և ոչ թե փողոցում՝ ասֆալտի վրա:
Սննդամթերքի անվտանգության տեսչությունը կրկին շրջայց է կատարել Լոռու մարզի մսի վաճառակետերում: Բոլոր քաղաքներում էլ խնդիրներ եղել են, միայն Սպիտակում մսի 3 վաճառակետ է փակվել: Միսը հանվել է վաճառքից և ոչնչացվել:
Անուշ Հարությունյան - Միջին մակարդակում է մարզը գտնվում, որովհետև Վանաձոր քաղաքում, Ստեփանավան քաղաքում իրավիճակը կարծես թե շատ ավելի լավ էր:
Վանաձորում մսի վաճառակետերից շատերը փակ էին, սակայն տեսչության Լոռու մարզի ղեկավարը նշում է, որ այդ կերպ չեն խուսափելու ստուգումներից:
Կամո Սողոյան (ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի պետ) - Փաստաթղթերը մենք պահանջելու ենք անցած ժամանակահատվածի համար, էնպես որ, էսօրվա փակ լինելը իրենց չի ազատում փաստաթղթերը ներկայացնելուց:
Հանրապետության տարածքում 87 սպանդանոց կա, որից 9-ը՝ Լոռու մարզում: Մինչև 30 կմ հեռավորությամբ գտնվող կենդանիներին անվճար են տեղափոխում սպանդանոցներ: Անասնապահները, սակայն, բողոքում են սպանդանոցում մսի ընդունման արժեքից և իրենց կատարած ծախսերից: Տեսչության աշխատակիցն էլ առաջարկում է խնդիրը քննարկել:
Օնիկ Ղևոնդյան (անասնապահ) - Վարկ եմ վերցրել, անասուն եմ առել, էսօր էլ վարկեր ունեմ գործող, էդ անասունը ես տանեմ 1200 դրամով սպանդանոցում ջուրը գցեմ, կոպիտ ասած, հետն էլ՝ ամենաչաղ անասունը:
Անուշ Հարությունյան - Ամեն ինչ իրար հետ փոխկապակցված է, սպանդանոցը, հաճախորդը, իրացման ցանցը, հանրային սննդի կետը՝ իրենք բոլորը եթե համագործակցված աշխատեն, և՛ գնային քաղաքականությունը կկարգավորվի, և՛, ի վերջո, բոլորը կգան օրինական դաշտ:
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան