Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքում ևս երեք փողոց հիմնանորոգվեց: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող ճանապարհաշինությունը սկսվեց տեղ-տեղ բացակայող ջրահեռացման համակարգի կառուցմամբ:
Ավելի քան 800 մետր երկարությամբ փողոցների ասֆալտապատման համար ծախսվել է 40 մլն դրամ: Հարթեցման աշխատանքների ընթացքում հիմնանորոգվող փողոցների տարածքը 4000 քմ-ով ավելացել է, որի համար պահանջվող լրացուցիչ գումարը վճարելու է համայնքը:
Կառավարության սուբվենցիոն ծրագրով այս տարի ընդլայնվեց նաև Սարուխանի արտաքին լուսավորության ցանցը: 8 փողոցների լուսավորման համար համայնքը և կառավարությունը ներդրել են 17 մլն դրամ:
2020 թվականին սուբվենցիոն ծրագրով Սարուխանում սկսվեց նաև 1800 մետր երկարությամբ ջրատարի հիմնանորոգումը: 46 մլն դրամ արժեքով աշխատանքների 40%-ը կատարել էին անցյալ տարի: Իսկ արդեն 2022 թվականին սարուխանցի փոքրիկների առջև դռները կբացի վերակառուցված մանկապարտեզը: Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կատարվող շինարարությունն ակտիվ փուլում է: 2020 թվականին իրականացվեցին ամրացման աշխատանքներ:
Շինանյութերի և շինարարական աշխատանքների որակը բավական խիստ է վերահսկվում՝ հավաստիացնում են շինարարն ու տեխհսկիչը: Երեխաների համար կառուցվող շինությունը պետք է լինի լավագույնը՝ առաջին հերթին անվտանգության տեսանկյունից: Թեև սկզբում աշխատանքները փոքր-ինչ դանդաղ էին ընթանում՝ համապատասխան մասնագետների բացակայության պատճառով, այդուամենայնիվ, շինարարությունն ավարտին կհասցնեն պայմանագրով սահմանված ժամկետում, 2022 թ. դեկտեմբերի 1-ին:
Համայնքում ընթացքի մեջ է նաև մշակույթի պալատի դահլիճի վերանորոգումը: Այն իրականացվում է Կառավարության հրատապ ծրագրով: Արժեքը 10 մլն 700 հազար դրամ է: 5 միլիոնը տրամադրել է Գեղարքունիքի մարզպետարանը՝ Կառավարության հատկացրած միջոցներից:
Այս տարի ավարտին կհասցվեն հատակի և բեմի վերակառուցման աշխատանքները: Նախատեսվում է եկող տարի ձեռք բերել համապատասխան գույք և կահավորել:
Հեղինակ՝ Անահիտ Կարեյան