Խորհրդարանը քննարկում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ նախագծով երկու ուղղություն է նախատեսվում:
«Մեկը՝ մարզաառողջարանային և սպորտային համալիրներ, լողավազաններ և այլ համապատասխան կառույցներ այցելելու համար, երկրորդը՝ պետական սուբսիդավորման, ուսանողական վարկերի մարման հնարավորություն է տրվում: Ընդհանուր առմամբ սոցփաթեթը մի կարևոր նպատակ ունի՝ դա պետական համակարգի աշխատողների արտահոսքը նվազեցնելու և պետական համակարգում աշխատելու գրավչությունը բարձրացնելու հարցն է:
Օրենքի փոփոխությունը չի բերելու որևէ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց սոցփաթեթի շահառու դարձնելուն: Այսինքն՝ ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, պատգամավորներ, ՀՀ վարչապետ, փոխվարչապետներ, նախարարներ, փոխնախարարներ չեն կարող հանդիսանալ սոցփաթեթեի շահառուներ: Այս նախագծով նման բան չի նախատեսվում»,- ասաց Սարգսյանը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ այս նախագծով բյուջեի վրա ծանրաբեռնվածություն չի ընկնում:
«Զուտ այն մարդկանց, ովքեր ունեն սոցփաթեթով կուտակված գումարներ, այդ գումարները ծախսելու ուղղություններն են նախատեսված այս նախագծով»,- ասաց Սարգսյանը: