«Սպառողների պաշտպանության համակարգի ստեղծման գործում Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ հզորացում» ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության Մրցակցության և սպառողների պաշտպանության գրասենյակի պատվիրակությունը` տեղեկացնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:
Պատվիրակության կազմում ընդգրկված փորձագետներն այսօր դասընթաց անցկացրին ՄՊՀ աշխատակիցների համար: Եռօրյա դասընթացն ուղղված է սպառողների պաշտպանության համակարգի և հանձնաժողովի աշխատակիցների կարողությունների, ռեսուրսների և գիտելիքների կատարելագործմանը: Դասընթացին ներկա են եղել նաև Հանձնաժողովի անդամներ Տիգրան Մարկոսյանը և Շուշան Սարգսյանը:
Ծրագիրն իրականացվում է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհական զարգացման համագործակցության շրջանակում:
Լեհ փորձագետների հաջորդ այցը նախատեսվում է նոյեմբերին և նպատակաուղղված է ՀԿ-ների և համապատասխան կառույցների կազմակերպչական կարողությունների ուժեղացմանը: Փորձի փոխանակման նպատակով նախատեսվում է նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայցուցիչների այց Լեհաստան՝ տեղում ծանոթանալու իրականացվող ուսումնասիրություններին: