Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտակայքում տիրող իրավիճակի լուծման տարբերակներն են քննարկել Ազգային ժողովի նախագահն ու Հայաստանում Իրանի դեսպանը: Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն: Երևանի համար Թեհրանը վստահելի ընկեր և լավ հարևան է՝ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ զրույցում շեշտել է Ալեն Սիմոնյանը, նկատել՝ չնայած կորոնավիրուսի տարածմանը, հայ-իրանական առևտրաշրջանառությունը լրջագույն փոփոխությունների չի ենթարկվել, իսկ արտահանումը նույնիսկ որոշ չափով աճել է: Ալեն Սիմոնյանի խոսքով՝ հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ներուժն ամբողջ ծավալով չի իրացվում:
Ազգային ժողովի նախագահը հանդիպել է նաև Հայաստանում Նիդեռլանդների դեսպանի հետ: Ալեն Սիմոնյանը Նիկոլաս Սխերմերսի հետ զրույցում ընդգծել է՝ Հայաստանը քաղաքական աջակցություն է ակնկալում իր գործընկերներից. այն է՝ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատում, հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձում, ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկում: Խորհրդարանի նախագահը նաև շեշտել է տարբեր խորհրդարանական վեհաժողովներում ադրբեջանական պատվիրակությունների ապակառուցողական դիրքորոշումը, նշել՝ նրանց հռետորաբանությունը միտված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
Ազգային ժողովի նախագահն ընդունել է նաև Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանին: Ալեն Սիմոնյանը Լին Թրեյսիի հետ զրույցում նշել է՝ այս պահին առաջնային է մնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը: Ադրբեջանի ապակառուցողական հռետորաբանությունը չի կարող հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը: Կոնֆլիկտը պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և այդ միջնորդական առաքելության կողմից մշակված սկզբունքների իրագործման հիման վրա՝ շեշտել է Ազգային ժողովի նախագահը:
Հեղինակ՝ Վարդան Հովսեփյան