Դպրոցները դասագրքերով ապահովելու գործընթացն ամբողջությամբ դարձել է էլեկտրոնային: Փոփոխությամբ նախատեսված է դպրոցների աշխատանքը դյուրացնել և խուսափել հնարավոր անճշտություններից:
Արսեն Բաղդասարյան (ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ) - Այդ տվյալները հավաքվում էին դպրոցներից թղթային եղանակով, հաշվվում էին, և ընդհանուր պատկերի հիման վրա հայտերը ձևավորվում էին, և պատվեր էր տրվում, և շատ մեծ էր հավանականությունը, որ, օրինակ, մեկ թվի անճշտությամբ, հսկայական գումարների խնդիր էր առաջանում:
Մարդկային գործոնը հնարավորինս նվազեցնելու համար թվայնացվելու է նաև տարրական դասարանների դասագրքերի հայտագրման գործընթացը: Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում արդեն ստացել են գրքերի պատվերը:
Տնօրենի խոսքով՝ ուսումնական մի շարք աշխատանքներ վաղուց առցանց եղանակով են իրականացնում, որևէ խնդիր չի առաջացել:
Անահիտ Խոսրովյան (Ջոն Կիրակոսյանի անվան Երևանի թիվ 20 հիմնական դպրոցի տնօրեն) - Այս տարի ևս մեկ նորություն եղավ՝ ԿՏԱԿ-ը, փաստորեն, ԴՇՀ-ի բոլոր տվյալները ներմուծում է ԿՏԱԿ-ում, և կրկնակի չարչարանք չի լինում դպրոցի համար, այսինքն՝ աշակերտների, ուսուցիչների տվյալները արդեն կան ԿՏԱԿ-ում պատրաստ, և անգամ շարժը արդեն երևում է ԿՏԱԿ-ում, ինչն էլ նույն ձևով փոխանցվում է, գրադարանավարի աշխատանքն էլ շատ հեշտ է ստացվում: Ծրագրի օգնությամբ հնարավոր է լրացնել դպրոցում եղած գրքերի պակասը: Գրադարանավարներն էլեկտրոնային տարբերակով կարող են տեսնել՝ Երևանի որ դպրոցում է առկա տվյալ դասագրքի անհրաժեշտ քանակը, և հենց այնտեղից էլ ձեռք բերել:
Անահիտ Խոսրովյան - Հայտը տալիս ենք, հետո պարտադիր ստանում ենք, դեռ ուսումնական տարին չսկսած, ժամանակացույցով տարբեր վարչական շրջանների համար, քաղաքապետարանի տվյալ բաժնի մասնագետը պայմանավորվում է դպրոցի գրադարանավարների գնում, ստանում են: Նախագծով մշտադիտարկում է իրականացվելու դասագրքերի բաշխման գործընթացի նկատմամբ: Ծնողներն Էլ, իրենց հերթին, առցանց տարբերակով կարող են տեսնել դասագրքերի արժեքները:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան