Սիսիան համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Պատգամավորի կողմից պաշտոնեական դիրքի ենթադրյալ չարաշահման դեպքը առնչվում է 2016 թ. դեկտեմբերին Սիսիանի երաժշտական դպրոցներից մեկի շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացմանը: Քննության տվյալներով՝ գնման մրցույթում առավել ցածր գին առաջարկած մասնակցի փոխարեն հաղթող է ճանաչվել բարձր գին առաջարկած, համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված ընկերությունը:
Արգիշտի Քոթանջյան (ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության քննիչ) - Նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ 2016 թ. դեկտեմբերին Սիսիան համայնքի «էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների գնման մրցույթին մասնակցել են երկու ընկերություններ, որոնցից մեկը հանդիսացել է Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի հետ փոխկապակցված նրա ընտանիքի բարեկամ Սեյրան Արիստակեսյանին պատկանող «Արտաշատ ԷՑՇ» ՍՊ ընկերությունը, ում կողմից նշված աշխատանքներն իրականացնելու համար առաջարկվել է 10 մլն 230 հազար դրամ, իսկ մյուս մասնակից՝ «Գոռպլաստ» ընկերության կողմից առաջարկվել է 6.598 հազար ՀՀ դրամ:
Ըստ քննիչի՝ տրամաբանորեն պետք է հաղթող ճանաչվեր նվազ գին առաջարկող ընկերությունը, սակայն քանի որ նախապես կանխորոշված է եղել, որ պետք է երաժշտական դպրոցի շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքներն իրականացվեն Արթուր Սարգսյանի եղբորը պատկանող «Հիդրո» ընկերության կողմից, այդ պատճառով անհիմն մերժվել է նվազ գնային առաջարկ ներկայացրած ընկերության հայտը:
Արգիշտի Քոթանջյան - Նշված աշխատանքները կատարելու համար կապալի պայմանագիր է կնքվել «Արտաշատ ԷՑՇ»-ի և Սիսիանի համայնքապետարանի միջև: Նույն օրը ենթակապալի պայմանագիր է կնքվել «Արտաշատ ԷՑՇ»-ի և «Հիդրո» ընկերությունների միջև: Դրանից երկու օր անց՝ 2016 թ. դեկտեմբերի 29-ին, արդեն կազմվել են իրականությանը չհամապատասխանող կեղծ փաստաթղթեր՝ նշված աշխատանքները կատարված լինելու վերաբերյալ, սակայն իրականում աշխատանքներն ավարտվել են 2017 թ. հունվարին:
Մոտ մեկ ամիս տևած նախաքննության ընթացքը պատգամավորի պաշտպան Էմին Խաչատրյանը թերի է գնահատում։ Նրա խոսքով՝ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, քանի որ փաստական տվյալները առհասարակ այլ բանի մասին են խոսում:
Էմին Խաչատրյան (Արթուր Սարգսյանի պաշտպան) - Ինչ վերաբերում է նվազ գին առաջարկող ընկերության հաղթելուն, ապա այնտեղ հստակ տվյալներ կան, որ տեղի ունեցած մրցույթի արդյունքում ներկայացված փաստաթղթերում ինչ-ինչ խնդիրներ են եղել, որի պատճառով մերժվել է ավելի ցածր գին առաջարկած կազմակերպության հայտը։ Բացի դրանից, հիմա այս մարդիկ հրաժարվում են փորձաքննություն նշանակել, տեսնել` այդ նախահաշիվը արդյոք պատշա՞ճ ա կազմված, թե՞ ոչ, արդյոք էդ գործը հնարավո՞ր էր կատարել 6,5 մլն դրամով, արդյոք այդ գործը կարո՞ղ էր կատարվել 10 մլն 300 հազար դրամով։ Այս բոլոր հարցերի պատասխանները մենք չունենք։
Նշենք, որ վերոնշյալ գործողությունների հետևանքով Սիսիան համայնքին պատճառվել է 3 մլն 632 հազար ՀՀ դրամի գույքային վնաս, որը նախաքննության ընթացքում վճարվել է Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին։
Էմին Խաչատրյան - Ըստ էության, մենք մեղադրանքը չենք ընդունում և վնաս փոխհատուցելու պատճառ և առիթ չունենք: Ուղղակի, որպեսզի շահարկումների առարկա չդառնա, մենք հնարավոր ենթադրյալ պատճառված վնասի համար որպես երաշխիք էդ գումարը կենտրոնացրել ենք Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին։
Արթուր Սարգսյանը, հիշեցնենք՝ մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի համար: Շուրջ մեկ ամիս է՝ դատարանի որոշմամբ գտնվում է անազատության մեջ: