Գետերի ջրատվությունը մոտ 80 տոկոսով պակասել է: Պատճառը եղանակային պայմաններն են՝ ասում է Ջրային կոմիտեի նախագահը և վստահեցնում՝ իրավիճակը վերահսկվում է:
Կարեն Սարգսյան (Ջրային կոմիտեի նախագահ) - Մենք փորձում ենք հնարավորինս կարգավորել և, այլ աղբյուրներից ջրամատակարարում իրականացնելով, ոռոգումը կազմակերպել: Էնքանով, ինչքանով որ մեզ պակաս ջուր ա հասնում, փորձել ենք էդ հատվածով լրացնել պոմպակայանների, խորքային հորերի միջոցով, նաև ջրամբարներում մեր ունեցած էն չափով, ինչ չափով հնարավորություն ենք ունեցել ռոտացիա տալ:
Առկա ջրային ռեսուրսը սպառվում է, դրան էլ գումարվում է էներգետիկ խնդիրը: Եղել են հոսանքի տատանումներ, ինչի արդյունքում պոմպակայանները որոշ ժամանակով վթարվել են, բայց կոմիտեն կարճ ժամանակում վերականգնման աշխատանքներ է իրականացրել: Այն մշակաբույսերը, որոնք տեղումներից էին ստանում իրենց խոնավությունը, այս տարվա երաշտի պատճառով ոռոգման ջրի կարիք են ունեցել: Խնդիրը նկատելի է եղել հատկապես Շիրակի և Արմավիրի մարզերում:
Կարեն Սարգսյան - Նաև էդ մշակաբույսերը որոշակի հատվածներում կարողացել ենք ոռոգել, ինչի արդյունքում ավելի շատ ջուր է մատակարարվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
«Էջմիածին» ջրօգտագործողների ընկերության տնօրենի խոսքով՝ ոռոգման ջրի սակավության խնդիր լինում է ամեն տարի: Պատճառները տարբեր են, բայց միշտ մասամբ լուծվել են թե՛ ընկերության, թե՛ կառավարության հատկացրած միջոցներով:
Արամ Սարգսյան («Էջմիածին» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն) - Գրեթե ավիրված, կիսաավիրված որոշ դեպքերում ջրատար առուների, խողովակներ, կիսախողովակներ, ունենք ջրի կորուստ նաև էդ ամենի արդյունքում: Էդ ամբողջը վերականգնել, ամբողջը նորացնել, կարծում եմ՝ կարճ ժամանակում կամ սեղմ ժամանակում հնարավոր չէ, որովհետև ունենք խողովակներ, կիսախողովակներ, որոնք գրեթե վատթար վիճակում են:
Ջրատար առուները հաճախ խցանվում են կենցաղային աղբով, դա էլ նպաստում է ջրամատակարարման դադարեցմանը: Էջմիածնում պարբերաբար մաքրման աշխատանքներ են կատարվում: Սարգսյանը նշում է՝ հոսանքի տատանումների պատճառով խորքային հորերը 24 ժամի փոխարեն աշխատել են օրական 3-4 ժամ, բայց խնդիրը փորձել են կարգավորել: