Երևանի պետական համալսարանի ռեկտորի աշխատասենյակի ցուցանակն օրեր անց կփոխվի: 2 տարի ռեկտորի պաշտոնակատարի աթոռը զբաղեցնող Գեղամ Գևորգյանին վաղվանից կփոխարինի նոր պաշտոնակատարը: ԿԳՄՍ նախարարը այսօր նրան ներկայացրել է ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմին:
Վահրամ Դումանյան (ԿԳՄՍ նախարար) - Ժամանակավոր խորհուրդն ընդունել է պարոն Գևորգյանի հրաժարականի դիմումը: Այսօր իր աշխատանքային վերջին օրն է և ժամանակավոր խորհուրդը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում հաստատել է պարոն Հովհաննիսյանի թեկնածությունը, որն աշխատանքի կանցնի վաղվանից՝ ամսի 6-ից:
Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ է, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար, 7-րդ գումարման Աժ-ում էլ զբաղեցրել է կրթության ու գիտության ոլորտով զբաղվող հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը: Նրա նշանակումով ուժի մեջ կմտնի Գեղամ Գևորգյանի՝ դեռ ապրիլի 21-ին ներկայացրած հրաժարականի դիմումը: Գևորգյանը ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի աթոռը զբաղեցրել էր նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո՝ 2019 թվականի մայիսի 30-ին:
Գեղամ Գևորգյան (ԵՊՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար) - Այս ընթացքում ես արել եմ ինչ-որ բաներ և չեմ արել ինչ-որ բաներ: Արածներիս համար, ոչնչի համար չեմ զղջում, չարածների մասին խոսելն արդեն ավելորդ է, ուղղակի ուզում եմ ձեզ ասել շնորհակալություն համատեղ աշխատանքի համար:
Գևորգյանի՝ մոտ 2 տարի տևած պաշտոնավարումը հարթ չի անցել. այդ ընթացքում ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխություններ են եղել. մի դեպքում անդամների պաշտոնավարման ժամկետն ավարտվեց, մյուս դեպքում անդամների կեսը, սեփական դիմումի համաձայն, ազատվեց պաշտոնից: Հոգաբարձուների նոր խորհուրդ դեռ չի ձևավորվել: Ռեկտորի նոր պաշտոնակատարը վստահեցնում է՝ մայր բուհում մթնոլորտը փոխելու համար քայլեր կձեռնարկի: Հստակ ծրագիր ունի, որն առաջիկայում կներկայացնի գործընկերներին:
Հովհաննես Հովհաննիսյան (ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար) - Այս պահին առաջնահերթությունները առողջ մթնոլորտի վերականգնումն է, կայունության հաստատումն է ԵՊՀ-ում և կրթական առողջ միջավայրի ձևավորումը, որովհետև վերջին տարիներին շատ տարբեր վայրիվերումների միջով անցավ ԵՊՀ-ն, պետք է բացառենք դրանք և անցնենք կայուն, կրթական դաշտ:
Հովհաննես Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ պատրաստվում է մասնակցել ռեկտորի մրցույթին:
Ինչ վերաբերում է դրա անցկացման ժամկետներին, ԿԳՄՍ նախարարը հավաստիացրեց՝ իր գերատեսչությունն անում է հնարավոր ամեն ինչ նախ՝ ԵՊՀ հոգաբարձուների նոր խորհուրդ ձևավորելու, ապա՝ ռեկտորի ընտրությունը կարճ ժամկետում անցկացնելու համար:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան