Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր Գյումրիում մասնակցել է Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի տնտեսական զարկերակը» զեկույցի շնորհանդեսին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (GTC) կայացած միջոցառմանը ներկա են եղել նաև Համաշխարհային բանկի խմբի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն, ԱՍՀ նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտային փորձագետներ։
Շնորհանդեսի ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական աճի, աղքատության նվազման, հարկաբյուջետային քաղաքականության և տնտեսական զարգացման վերջին միտումները։ Նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է ծայրահեղ աղքատության հաղթահարմանն ուղղված պետական քաղաքականությունը՝ ընդգծելով խոցելի խմբերի տնտեսական ակտիվության, մասնագիտական հմտությունների զարգացման և կայուն զբաղվածության ապահովման կարևորությունը։
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել պանելային քննարկում, որի ընթացքում ԱՍՀ նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանն անդրադարձել է անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմանը՝ ներկայացնելով հիմնական սկզբունքներն ու ակնկալվող արդյունքները։ Քննարկման ավարտին նախարարի տեղակալը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին։