ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել խորհրդարանի ամբիոնից և խոսել սխալներից դասեր քաղելու և կառուցողական մթնոլորտում աշխատելու անհրաժեշտությունից:
«Ուրախ կլինեի, որ Հայաստանում ռազմարդյունաբերությունը, տեխնոլոգիաները, պաշտպանական ոլորտը ֆինանսավորվեին ավելի վաղ: Ես դա չեմ ասում մեղադրելու համար, ես դա ասում եմ արձանագրելու համար պատճառահետևանքային կապը, որից մենք բոլորս պիտի դասեր քաղենք:
Երբ խոսում ենք բանակում կոռուպցիայի մասին, մենք դա չենք անում բոլոր մեղքերն ուրիշների վրա բարդելու, բացի մեզանից: Մենք դա ասում ենք, որպեսզի այլևս ոչ ոք չփորձի նման կերպ վարվել: Երբ մենք ասում ենք՝ դադարեցրեք հակամարտությունը և եկեք կառուցողական լինենք, մենք դա չենք ասում, որովհետև վախենում ենք հակամարտությունից: Մենք դա ասում ենք, որովհետև դա բխում է մեր պետության ու ժողովրդի շահերից»,- ասաց Արշակյանը: