Հայկական տարազով ու երգով, Հայաստանի մասին պատմելով. հենց այսպես է հայ երգչուհի Մարիցան գրավել միջազգային ժյուրիին ու հանդիսատեսին, հաղթել «Բալթիկայի ձայն» վոկալի միջազգային մրցույթում:
Ասում է՝ բոլորս պիտի խոսենք Հայաստանի մասին: Հայերի մասին հայերեն է պատմել: Համաշխարհային երգից բացի կատարել է Շուշան Սարգսյանի «Հայաստան, երկիր իմ մայր» երգը:
Մարիցա Թիլիքյան («Baltic voice 2021» մրցույթի հաղթող) - Մեր պատմամշակութային կոթողներն ենք ներկայացրել՝ Դադիվանք, Ղազանչեցոց, Տատիկ-պապիկ: Մենք խոսել ենք Հայաստան երկրի մասին, ամենակարևորը՝ այն եղել է հասանելի:
Մարիցան Երևանի պետական համալսարանի Մշակույթի կենտրոնի մեներգչուհին է: Մի շարք մրցույթների ու փառատոների է մասնակցել: Այս մեկն իր համար ուրիշ էր, ավելի դժվար, ցավը՝ մեծ:
Մարիցա Թիլիքյան - Ես հարազատ եղբայր եմ կորցրել այս պատերազմի ժամանակ: Ես սիրով եմ երգել, ես չեմ խոսել այն ցավի, տառապանքի մասին, ես խոսել եմ սիրո մասին, որ կա այս ժողովրդի մեջ, Հայաստանի մեջ: Հայաստանը ուրիշ երկիր է ինձ համար:
Կատարումը հանդիսատեսին հուզել է:
Մարիցա Թիլիքյան - Մարդ է եղել, որ այ սենց դողալով մոտեցել է, հարցրել է՝ ինչի՞ մասին ես երգում: Մենք կադրեր ենք տեսել, մենք ուզում ենք գանք Հայաստան:
ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրենը այս մրցույթում ժյուրիի անդամ էր, կարծում է՝ 120 մասնակիցներից Մարիցան տարբերվում էր: Հուզել էր նաև ժյուրիի անդամներից մեկին:
Կարինե Դավթյան (ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն) - Ինքը կարողացավ էն մակարդակի կպնել իր սրտին, որ իր կոկորդում սկսեց սեղմոց գալ, որից հետո սկսեց լաց լինել: Բայց ասաց այն, ինչ արեց Մարիցան, դա իսկական արվեստ էր: Ամբողջ դահլիճը ծափահարություններով չէր թողնում՝ գնա Մարիցան:
Մարիցան երգով շարունակելու է պատմել Հայաստանի մասին, միջազգային հարթակներում բարձրացնել հայկական դրոշը:
Հեղինակ՝ Անի Ավագյան