ՇԱՌԼ ՄԻՇԵԼԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂԸ ԿԼԻՆԻ ՀՀ-ՈՒՄ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան այցի նախապատրաստական աշխատանք է տարվում, ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը: 2021 թվականի հուլիսի 16-17-ը Հայաստան կժամանի նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությունը: Ավելի ուշ Շառլ Միշելը կլինի նաև Վրաստանում: Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահը հայտարարել է, որ Թբիլիսին եվրոպացի պաշտոնյային ամբողջական տեղեկություն կտա հուլիսի 5-ի ցույցի, դրա հետևանքների մասին: ԼԳՏԲ համայնքի կազմակերպած ցույցի ընթացքում վրացի ազգայնականները բռնության էին ենթարկել վրացական «Պիրվելի» հեռուստաալիքի լրագրողին, որը օրեր անց մահացել էր: Վրաստանի վարչապետի հրաժարականը պահանջող լրատվամիջոցների կողմից կազմակերպված հաջորդ ակցիան տեղի կունենա շաբաթ օրը՝ հուլիսի 17-ին:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀՀ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՐՑԸ
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեսը և կոնգրեսական Բրեդ Շերմանը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն, դեսպան Սամանթա Փաուերի մասնակցությամբ լսումների ժամանակ բարձրացրել են Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալների հարցը: «Ես խիստ մտահոգված եմ Հայաստանի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղահանվածներին տրամադրվող հումանիտար օգնության չափով: Այն շատ քիչ է»,- հայտարարել է Բոբ Մենենդեսն ու ցանկություն հայտնել հիմնահարցը քննարկել Փաուերի հետ:
Կոնգրեսական Բրեդ Շերմանն էլ հետաքրքրվել է՝ արդյոք Միացյալ Նահանգների վարչակազմը մտադի՞ր է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ու ագրեսիայի հետևանքով Արցախից տեղահանված ավելի քան 100 հազար հայերին օգնելու նպատակով 5 մլն դոլար գումարից բացի այլ օգնություն տրամադրել: Սամանթա Փաուերը նշել է, որ զբաղվում են տեղահանվածների խնդրով: Նա պատրաստակամությունն է հայտնել գործակցելու այս հարցում, որի համար լրջորեն մտահոգված է:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՎԵԼԱՑՆԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԸ
Ադրբեջանն ու Թուրքիան նախատեսում են ավելացնել համատեղ զորավարժությունների քանակը, որոնցում ներգրավված կլինեն տարբեր զորատեսակներ: Հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ երեկ ընդունելով Բաքվում Թուրքիայի նոր դեսպան Ջահիթ Բաղչիին։
Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Հասանովը շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին ռազմական անձնակազմի պատրաստման և պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների ականազերծման գործում աջակցության համար:
ԱՌՆՎԱԶՆ 19 ՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԲԵՐՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ
Առնվազն 19 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բերման են ենթարկվել Բելառուսում հերթական խուզարկությունների արդյունքում:
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է Բելառուսում խուզարկությունների և ձերբակալությունների նոր ալիքը՝ ուղղված հասարակական կազմակերպությունների անդամների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ, ասվում է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունում, որը հրապարակվել է Թվիթերում: