Վոլգոգրադի Wildberries-ի պահեստներից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։
«Հրշեջ խմբերը դեպքի վայրում են։ Նախնական տվյալով` վիրավորներ չկան»,- հայտնել է կազմակերպությունը։
Ուրբաթ առավոտյան Վոլգոգրադի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Նահանգապետ Անդրեյ Բոչարովի խոսքով՝ հինգ մարդ վիրավորվել և հոսպիտալացվել է։ Վնասվել է երկու տուն, իսկ վառելիքաէներգետիկ ոլորտի արդյունաբերական օբյեկտում հրդեհ է բռնկվել։
Իսկ Ուկրաինայի Պավլոգրադ քաղաքում սննդի արդյունաբերության ձեռնարկությանը հասցված ռուսական հարվածի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ առնվազն 10 մարդ: Այդ մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Ալեքսանդր Հանժան: Հարվածի պատճառով հրդեհ է բռնկվել։ Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են ռուսական հարվածին հաջորդած պայթյունի պահը: «Ռոյթերս» գործակալությունը հաստատել է տեսանյութի վայրը՝ հիմնվելով շենքի, փողոցային լուսավորության և ճանապարհային ցանցի վրա, որոնք համընկնում են հետևանքների կադրերին, արխիվային և արբանյակային լուսանկարներին:
Միաժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ, նախնական տվյալով, Ռուսաստանը հյուսիսկորեական հրթիռ է կիրառել ուկրաինական գյուղերից մեկի վրա հարձակման ժամանակ, ինչի հետևանքով զոհվել է 6 մարդ։ «Ռադուշնեում ռուսները երկար ժամանակ անց առաջին անգամ Հյուսիսային Կորեայի արտադրության հրթիռ են կիրառել. նախնական տվյալները հենց դա են փաստում»,- ասել է Զելենսկին երեկոյան տեսաուղերձում։
Պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանը գիշերային հարձակման ընթացքում տասնյակ հրթիռներով և հարյուրավոր անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ուկրաինային, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ։