Հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց համար պետք է ստեղծվեն պայմաններ ընտրություններին լիարժեք մասնակցելու համար՝ հայտարարում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը:
Ընտրական օրենսգիրքը այս հարցի կարգավորումը թողնում է տեղական ընտրական հանձնաժողովներին:
Վարդինե Գրիգորյան (Հելսինկայն քաղաքացիական ասամբլեայի ներկայացուցիչ) - Սա ենթադրում է, որ ՏԻՄ-երը ապահովում են, կամ գոնե ենթադրվում է, որ պիտի ապահովեն ընտրատեղամասերին մատչելիությունը:
Քննարկման մասնկաիցների համոզմամբ, պետք է արվի հնարավորը, որ հաշմանդամություն կամ վիրավորում ստացած անձինք կկարողանան արժանապատիվ կերպով օգտվել ընտրելու իրենց իրավունքից: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանի խոսքով՝ խնդրի լուծումը պահանջում է տևական ժամանակ և ֆինանսական ռեսուրսներ, միևնույն ժամանակ առաջարկում է քվեարկելու այլ տարբերակներ:
Մուշեղ Հովսեփյան («Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ) - Օրինակ՝ շրջիկ արկղի միջոցով կամ այլ եղանակներով, նախապես քվեարկության միջոցով կամ նույնիսկ տեղամասը փոխելու հնարավորությունը:
Վարդինե Գրիգորյանը նշում է, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների քննարկման ժամանակ իրենք առաջարկել են շրջիկ քվեատուփի տարբերակը կիրառել ոչ միայն ստացիոնար բուժում ստացող և ձերբակալված անձանց համար, այլև վիրավորների և հաշմանդամություն ունեցողների:
Վարդինե Գրիգորյան - Մենք առաջարկել ենք նախատեսել դա նաև անկողնային խնամք ստացող քաղաքացիների, տեղաշարժման խնդիրներ ունեցող, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող անձանց, նաև Covid-ով ինքնամեկուսացած մարդկանց համար, բայց այն չընդունվեց անվտանգության նկատառումներից ելնելով:
«Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան Սերյոժա Օհանջանյանի խոսքով, թեև հստակ տվյալներ չկան, բայց իր շրջապատում հաշմանդամություն ունեցողների զգալի մասը խորհրդարանի արտահերթ ընտրությանը չի մասնակցելու հենց ընտրատեղամասերի մատչելիության բացակայության պատճառով: Բանախոսները հույս հայտնեցին, որ առաջիկա ՏԻՄ ընտրությունների ժամանակ պետությունը լիարժեք կապահովի հաշմանդամություն ունեցող բոլոր խմբերի ընտրության իրավունքը:
Հեղինակ՝ Էլենիտա Սարգսյան