Հայ ռազմագերիների, գերեվարված այլ անձանց և տեղահանվածների հարցը երեկ քննարկվել է Եվրոպայի կարևոր հարթակներից մեկում: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի քննարկումն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանն արդյունավետ է որակել՝ շեշտելով, որ համապատասխան միջազգային ճնշումն Ադրբեջանի հանդեպ կարևոր գործոն է:
Տաթևիկ Հայրապետյան, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ - Ուրախ եմ, որ իմ մի շատ գործընկերներ գիտակցում էին և խոսում էին հարցի կարևորության և հումանիտար բնույթի մասին: Բնականաբար, ադրբեջանական կողմն էլ փորձում էր ձախողել քննարկումը՝ անհեթեթ փաստարկներ էին բերվում, բայց այդ փաստարկները, իմ դիտարկմամբ, իրենք իրենց էին հակասում, որովհետև ցույց էին տալիս, որ իրենք չունեն բավականաչափ պատրաստակամություն և կառուցողականություն, որպեսզի ազատ արձակեն մեր ռազմագերիներին, ինչով, իհարկե, կարող են նպաստել մթնոլորտի առողջացմանը:
Բնակաբար, ուղղակի ակնկալիքներ սպասել դժվար է, և ես հասկանում եմ, երբ հաճախ հնչում են հարցեր, թե ինչ օգուտ են տալիս այդ քննարկումները, որովհետև թեմայի քննարկման ընթացակարգը չէր ենթադրում բանաձև կամ հայտարարություն, բայց քննարկումը, հարցի արծարծումը, դրա վերաբերյալ գնահատականների հնչեցումը կարևոր փաթեթի մի փոքր հատվածն են կազմում, և այդ ուղղությամբ աշխատանքները պետք է լինեն շարունակական: