Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական սկանդալ է: ՌԴ արտգործնախարարություն է կանչվել Ուկրաինայի հարցերի ժամանակավոր հավատարմատար Վասիլի Պոկոտիլոն: Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգում բերման էր ենթարկվել Ուկրաինայի հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյոկը, բայց չէր ձերբակալվել դիվանագիտական անձեռնմխելիության շնորհիվ: Ռուսաստանի քաղաքացու հետ հանդիպման ժամանակ նա փորձել էր գաղտնի տեղեկություն ստանալ: Մոսկվան մտադիր է հյուպատոսին վտարել երկրից: Կիևում Ռուսաստանի դեսպանության ավագ դիվանագետը նույնպես պետք է Ուկրաինան լքի 72 ժամվա ընթացքում՝ սկսած ապրիլի 19-ից:
--------
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին զգույշ լինել և պարբերաբար հետևել դեսպանատան հաղորդագրություններին, քանի որ հնարավոր է Ղրիմում, Դոնեցկում ու Լուգանսկում վտանգավոր իրավիճակ ստեղծվի: Նշվում է, որ հնարավոր զինված բախումների պատճառով ուժի մեջ է Ղրիմ, Դոնեցկ ու Լուգանսկ չճանապարհորդելու մասին նախապես արված հայտարարությունը:
-----------
Ադրբեջանն էլ Եվրամիությանը չի վստահում: Հայտնել են այդ երկրի արտգործնախարարությունում՝ Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հանդիպումից հետո: Բաքվում ԵՄ պատվիրակության ղեկավարը հրավիրվել է ԱԳՆ: Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ այդ քայլն անընդունելի է և հաշվի չի առնում տարածաշրջանի նոր հետկոնֆլիկտային իրականությունը:
---------
Վիեննայում անցկացվել է Իրանի հետ միջուկային գործարքի համատեղ հանձնաժողովի նիստը: Իրանն ու ԱՄՆ-ն փորձում են պայմանավորվել հետագա բանակցությունների վերաբերյալ: Միաժամանակ, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Ավստրիայի համար մեծ պատիվ կլինի, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն էլ հանդիպեն Վիեննայում:
----------
Մեծ Բրիտանիայում՝ Վինձորի ամրոցում, ավարտվել է Եղիսաբեթ 2-րդ թագուհու ամուսնու՝ Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպի հուղարկավորության արարողությունը: Արքայազն Ֆիլիպը վախճանվել էր ապրիլի 9-ին՝ 99 տարեկանում: Որպես թագուհու ամուսին, արքայազն Ֆիլիպը կազմակերպել է ավելի քան 22 հազար միջոցառում և կատարել է 637 արտասահմանյան այց: Թագուհու և արքայազնի ամուսնությունը տևել է 73 տարի: Հուղարկավորությանը լրագրողներ չեն մասնակցել: Կարգն սկսվել է մեկ րոպե լռությամբ: