Հայ ըմբիշները մեկնարկել են իրենց ելույթները Բելգրադում անցկացվող Աշխարհի գավաթում:
Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգում հաղթանակով է մեկնարկել իր ելույթները և առավելության հասել Իվան Նիլիպյուկի նկատմամբ: 1/8 եզրափակչում Չալյանը նույնպես հաղթել է, այս անգամ՝ իտալացի Մատեո Մաֆեցոլիին՝ հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Չալյանի մրցակիցը հաջորդ փուլում լինելու է ռուս ըմբիշ Ռոման Վլասովը:
Սլավիկ Գալստյանի մեկնարկը նույնպես հաղթական է եղել. 67 կգ քաշային կարգում Գալստյանը 1/8 եզրափակչում հաղթել է կուբացի Կրիստոբալ Տորես Նունյեսին: Հաջորդ փուլում նա կմրցի ադրբեջանցի Իսլամբեկ Դադովի հետ:
Մալխաս Ամոյանն էլ, իր հերթին, պարտության է մատնել Վալենտին Պետիչին ու դուրս եկել կիսաեզրափակիչ: