«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է «Ավրորա» համայնք» նոր ծրագրի մասին, որը մշակվել է «Ավրորայի» մարդասիրական ու գործընկերային համայնքի և դրա ազդեցության մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո: «Ավրորա» համայնքը» կմիավորի և կաջակցի անձնազոհ անհատներին ամբողջ աշխարհից, որոնք թեժ կետերում զբաղված են կենսական նշանակության գործունեությամբ:
Մինչև ծրագրի մեկնարկը ստեղծվել է մանրամասն հարցաշար «Ավրորա» համայնքի պոտենցիալ անդամների համար, որպեսզի հստակ լիներ, որ նրանք լիովին համապատասխանում են նախագծի պահանջներին: «Ավրորան» մտադիր է ակտիվորեն աջակցել համայնքի անդամներին՝ կապ ստեղծելով նրանց միջև՝ ըստ գործունեության ոլորտի, խրախուսելով գիտելիքի փոխանակումը, ինչպես նաև առաջ մղելով նրանց գործունեությունն իր իսկ հարթակներով:
Այս նոր նախագիծը կակտիվացնի նաև նախաձեռնության կապերը համաշխարհային մարդասերների հետ՝ ներգրավելու փորձագետների, բանախոսների և հետաքրքրված մարդկանց, որոնք ակտիվորեն մասնակցում են նախաձեռնության բազմաթիվ նախագծերի, այդ թվում՝ Aurora Dialogues քննարկումներին և Արցախի մարդասիրական օգնության նախաձեռնությանը, ինչպես նաև համաշխարհային ավելի ընդարձակ ծրագրի, որի միջոցով տարածաշրջան են հրավիրվում մարդասիրության ոլորտի առաջատարները:
«Ավրորա» համայնք» նախագիծը հնարավորություն կտա հինգ տարիների ընթացքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շուրջ համախմբված մարդասերներին ավելի ակտիվ համագործակցել, համատեղ լուծումներ գտնել այն խնդիրներին, որոնց նրանք առնչվում են առօրյայում՝ գենդերային հավասարությունից և մարդու իրավունքների ոտնահարումից մինչև որակյալ կրթություն, երեխաների պաշտպանություն, խաղաղություն և արդարություն: