Օգոստոսի 31-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ Այգեստան 3-րդ փողոցում կրակոց է հնչել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Կենտրոնական բաժնի ու Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբերը, քննիչներ ու փորձաքրագետներ։
Տարածքի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաշեն պայթուցիկներ, որոնցից մեկը՝ պայթեցված, հրացանի փամփուշտներ և այլն։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկել են բազմաբնույթ օպերատիվ միջոցառումներ։
Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ալեք Մանուկյան թիվ 7 շենքի բակում մի խումբ անձինք վիճել են, հայհոյախառն վեճը վերածվել է ծեծկռտուքի։ Այդ ընթացքում էլ մասնակիցներից մեկը հրացանով կրակել է։ Միջադեպից րոպեներ անց մասնակիցներից մեկը մարմնական վնասվածքով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Շուտով հայտնի է դարձել նրանց ինքնությունը։ Հայտնաբերվել ու բաժին բերման են ենթարկվել մասնակիցներից մի քանիսը։ Նրանցից երկուսը ձերբակալվել են։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները պարզել են նաև, թե ով է կրակել։ 24-ամյա երիտասարդին հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ բացատրական աշխատանք է տարվել։
Արդյունքում՝ սեպտեմբերի 4-ին, կասկածվողը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել, իսկ սեպտեմբերի 5-ին կալանավորվել։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվել է նաև հրացանը, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: