Հուլիսի Տավուշյան հաղթական մարտերի հերոսները խորհրդանշական վայրում են՝ Սարդարապատում՝ ստանալու պետական պարգևները: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միանգամից 72 զինծառայողի շնորհվում է բարձրագույն պարգև: 16-ին՝ «Մարտական խաչ» 1-ին, 55-ին՝ 2-րդ աստիճանի շքանշաններ, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանին՝ Հայաստանի Ազգային հերոսի կոչում: Վարչապետը կարևոր դիտարկում է անում. «Մեր բոլոր ազգային հերոսները պարգևատրվել են հետմահու և առաջին անգամ զինվորականը, սպան իր շքանշաննը ստանալու է անձամբ»:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Մեր երեխաներին կարող ենք ապացուցել, որ հերոսները ոչ միայն գրքերում են, այլև հենց այստեղ են, մեր կողքին: Նրանք ապրում են մեզ հետ, նույն շենքում, նույն քաղաքում, նույն գյուղում, նրանք ունեն նույնպիսի դժվարություններ ու հոգսեր, ինչպես բոլորը, բայց նրանք հերոսացել են, ուրեմն մենք էլ կարող ենք, մեզնից յուրաքանչյուրը կարող է և մեր պարտքն է հերոսանալ ամեն օր և ամենուր:
«Հերոսությունն այլևս ոչ թե գերմարդկային ճիգ է, այլ ամենօրյա աշխատանք, ապրելակերպ ու պատասխանատվություն»,- վարչապետ Փաշինյանի ձևակերպումն է: Հաղթական մարտերն արդյունք են անմնացորդ նվիրումի: Հայաստանի հետ ուժի, սպառնալիքների հարկադրանքի լեզվով խոսելն անհեռանկարային է, և այդպես անողները դառնորեն կզղջան: Վարչապետը ներկայացնում է հուլիսյան հաղթական մարտերի ռազմաքաղաքական արդյունքները:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Հուլիսյան հաղթական մարտերը ջախջախեցին արդեն շուրջ տասը տարի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կառուցված խոսույթը` ապացուցելով, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում և Ադրբեջանը պիտի անխուսափելիորեն որդեգրի կառուցողական մոտեցումներ:
Ըստ վարչապետի՝ Տավուշյան մարտերն ապացուցել են պաշտոնական Երևանի քաղաքական հայտարարությունների վստահելիությունը, ապացուցել, որ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի և ուժերի հարաբերակցության՝ Հայաստանի գնահատականները սթափ են ու ճշգրիտ: Բանակում կատարվող ռազմավարական և մարտավարական բարեփոխումներն, ըստ Փաշինյանի, հուլիսյան մարտերի ժամանակ միանշանակ արդարացվել են:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Ապացուցեցինք, որ Հայաստանը պատրաստ է առանց հյուծող սպառազինությունների մրցավազի մեջ մտնել` ինտելեկտուալ աշխատանքով մարտավարական և ռազմավարական նորարարություններով ապահովելու ռազմական առավելություն:
Հայաստանի բանակը հասել է աննախադեպ բարձունքի, ինչն էլ մեծացնում է վստահությունը տարածաշրջանում: Մեր զինված ուժերի կողմից խոցվեցին բարձր տեխնոլոգիական զինատեսակներ, որոնք մինչ այդ համարվում էին անխոցելի: Սա բոլորին հայտնի տեղեկություն է, բայց քչերը գիտեն, որ այդ զինատեսակները խոցվել են հայակական արտադրության և Հայաստանում արդիականացում անցած զինատեսակների փոխգործակցության արդյունքում:
Եվ խորհրդանշական միջոցառման ամենահանդիսավոր պահը: Վարչապետի ձեռքին «Հայրենիքի» շքանշանն է: Բացառիկ արիության և խիզախության համար կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվում է Հայաստանի Ազգային հերոս բարձրագույն կոչմամբ: Սանամյանը կազմակերպել է «Անվախ» մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի բազմակի գրոհների կասեցումը` նրա կենդանի ուժին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային հասցնելով զգալի կորուստներ: Նա դիրքի անձնակազմի հետ համատեղ ջանքերով անառիկ է պահել դիրքը:
Ի դեպ, սա Ռուբեն Սանամյանի առաջին սխրանքը չէ. 2012-ին նա պարգևատրվել է նաև «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Այսօրվա պարգևատրվողները, ինչպես նշեց վարչապետը, մեր լեգենդար հերոսների մարմնացումն են: Բոլոր պարգևատրվածները, չխնայելով սեփական կյանքը, իրականացրել են բարդ ու վտանգավոր առաքելություն: