Սերբիայի մի շարք քաղաքներում զանգվածային ցույցերը չեն հանդարտվում: Հակակառավարական բողոքի ակցիաները սկսվել են երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինային ռեժիմի խստացումների ու պարետային ժամ սահմանելու Սերբիայի իշխանությունների որոշման պատճառով՝ գրում է Deutsche Welle պարբերականը:
Փողոցներում չդադարող անկարգությունների ֆոնին Սերբիայի նախագահը հայտարարել է պարետային ժամի վերաբերյալ որոշումը վերանայելու մասին: Ընդ որում, երկրի ղեկավար Ալեքսանդր Վուչիչը նշել է, որ մայրաքաղաքում խստացվելու են սահմանափակումները, որոնք ուղղված են կորոնավիրուսի դեմ պայքարին:
Սերբիայի խորհրդարանի մատույցներում հավաքված ցուցարարները պահանջել են Վուչիչի հրաժարականը: Անկարգությունների ժամանակ տուժել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ ոստիկաններ: Կան ձերբակալվածներ: