ՄԻԵԴ-ը «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշել է չկիրառել միջանկյալ միջոց: Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ նախկին դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը պահանջում էին, որ ՄԻԵԴ-ն իրենց դիմումը քննելու ընթացքում դադարեցնի Հայաստանի խորհրդարանի ընդունած Սահմանադրության փոփոխությունները։ Միջանկյալ միջոցի կիրառման պարագայում նրանք կշարունակեին պաշտոնավարել մինչև հիմնական դիմումի քննարկումը։
ՄԻԵԴ-ի որոշման մեջ նշված է, որ միջանկյալ միջոցի կիրառումը մերժվում է, քանի որ այն չի պարունակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված հիմնական իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու ռիսկ։ Սահմանադրության փոփոխությունները, որոնցով դադարեցվում է Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը որպես ՍԴ նախագահ, նաև Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարումը որպես ՍԴ դատավորներ, Ազգային ժողովն ընդունել էր հունիսի 22-ին, այն ուժի մեջ է մտել հունիսի 26-ին:
Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահը և անդամները դիմել էին ՄԻԵԴ՝ վիճարկելով իրենց լիազորությունների դադարեցման օրինականությունը: