Սահմանադրական դատարանի արդեն նախկին 3 դատավորի՝ Հրանտ Նազարյանի, ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի, դատավոր Հրայր Թովմասյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկած դիմումի վերաբերյալ որոշման կայացումն օրերի հարց է: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ նման դիմումների պարագայում դատարանը արագ է գործում:
«Խոսքը գնում է 39-րդ կանոնի համաձայն ժամանակավոր միջոց կամ ապահովման միջոց կիրառելու մասին, կառավարությունն ստացել էր ՄԻԵԴ-ի հարցերը, որին կից ստացվել էր դիմումատուների պնդումները, որ իրենց իրավունքները խախտվել են: Կառավարությունն արդեն ներկայացրել է հարցերի դիրքորոշումը և դրանք ուղարկվել են դիմումատուներին իրենց դիրքորոշման համար և դատարանը պետք է օրերի ընթացքում որոշում կայացնի»,- նշել է նա:
Դիմումատուներից Ալվինա Գյուլումյանի կարծիքով` ևս հարցը արագ է լուծվելու: Նա նշել է, որ դատարանը պետք է որոշի` կիրառում է միջանկյալ միջոցը, թե՞ առայժմ ոչ:
«Դա, որպես կանոն, շատ արագ է կատարվում, իմ պրակտիկայում, երբ որ ես եմ պաշտոնավարել, այդ հարցերը երկու երեք օրում լուծվել են»:
Ժամանակավոր կամ միջանկյալ միջոց կիրառվում է այն դեպքերում, երբ անդարդառնալի հետևանքներ կարող են առաջանալ կոնվենցիոն իրավունքների խախտման տեսանկյունից: Կարծում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը: Նա, սակայն առաջարկում է ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա:
«Դատարանի պրակտիկայում գրեթե միշտ նմանատիպ միջոց կիրառվել է հատկապես Հայաստանի վերաբերյալ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է դիմումատուների կյանքին սպառնացող անդառնալի հետևանքներին: Դատարանն այս պահի դրությամբ ուղղակի ինֆորմացիա է հավաքում կողմերից՝ հասկանալու որոշում կայացնելու կամ չկայացնելուվերաբերյալ, նմանատիպ միջոցներ դատարանի պրակտիկայում չեն հանդիպել»,- նշել է նա:
Փաստաբան Լուսինե Հակոբյանը զարմանք է արտահայտել, որ նման միջնորդություն ներկայացրել են ՍԴ նախկին անդամները և Հրայր Թովմասյանը, ընդ որում, երբ այդ նախկին անդամներից մեկը ՄԻԵԴ դատավոր է եղել:
Փաստաբան, Իրավունքի եվրոպա միավորման նախագահ Լուսինե Հակոբյանը համոզված է՝ ժամանակավոր միջոցի կիրառումը ՍԴ երեք անդամների և Հրայր Թովմասյանի դիմումի հիման վրա անհարկի է: Ըստ նրա՝ նման միջնորդություններ ներկայացվում են, երբ առկա է մարդու իրավունքների անդառնալի վնաս, օրինակ՝ անձը կարող է արտահանձնվել մի պետություն, որտեղ իրեն կխոշտանգեն կամ էլ չեն ապահովի անձի արդար դատաքննության իրավունքը:
Ըստ Լուսինե Հակոբյանի, հարկավոր է, որ Սահմանադրական դատարանի երեք դատավորների թափուր պաշտոններում առաջադրումները հրատապ իրականացնել: Սահմանադրության համաձայն, թափուր տեղերի համար առաջադրումները հաջորդաբար կատարում են Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը՝ երկամսյա ժամկետում, որն սկսվել է հունիսի 27-ից:
ՍԴ արդեն նախկին երեք դատավորի և Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի լիազորությունը դադարել է հունիսի 26-ից: Հունիսի 22-ին Ազգային ժողովն ընդունեց Սահմանդրության փոփոխություններ: Հրայր Թովմասյանը շարունակելու է պաշտոնավարել՝ որպես դատավոր: Ի դեպ, հունիսի 26-ին հայտնի դարձավ նաև, որ Հրայր Թովմասյանն ու դատավոր Արևիկ Պետրոսյանը գնացել են արձակուրդ: